Հակահարձակումը Կուրսկի մարզում աղետ է դարձել ռուսական բանակի համար. BILD

Մանրամասներ
Կուրսկ

Ռուսաստանի զինված ուժերը արդեն երրորդ օրն է՝ լայնածավալ հակահարձակողական գործողություն են իրականացնում Կուրսկի մարզում՝ փորձելով դուրս մղել ուկրաինական զորքերին, սակայն այդ հարձակումը Ռուսաստանի համար աղետ է դարձել, տեղեկացրել է BILD-ի բաց տվյալների վերլուծության փորձագետ Յուլիան Ռյոպկեն։

Նրա տվյալներով՝ ՌԴ ԶՈւ-ն բախվել է հսկայական կորուստների եւ հաջողության հասել երկու ոչ մեծ բնակավայրերում՝ Պոգրեբկիում եւ Դարյինոյում։ «Ռուսաստանն այս հակահարձակման հետեւանքով կորցրել է 28 միավոր զրահատեխնիկա, հիմնականում ժամանակակից БТР-82А, ավելի քան 200 զինվոր՝ սպանված եւ վիրավոր։ Ինչ աղետ Վլադիմիր Պուտինի եւ նրա գեներալների համար»,- գրել է Ռյոպկեն։

Ուկրաինական զորքերը հարձակումն սկսել են Կուրսկի մարզում օգոստոսի 6-ին, եւ, գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու խոսքով, մարտերի առաջին շաբաթում զավթել են մոտ 100 բնակավայր՝ վերահսկողության տակ վերցնելով մոտ 1 300 քառակուսի կիլոմետր տարածք։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) տվյալներով՝ այդ տարածքը մի փոքր քիչ էր՝ 1 160 քառակուսի կիլոմետր։

Սեպտեմբերին եւ հոկտեմբերին ռուսական զորքերը հակահարձակման փորձեր են ձեռնարկել։ Հոկտեմբերի կեսին, DeepState նախագծի տվյալներով, Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ էր մոտ 615 քառակուսի կիլոմետր, եւս 309-ը գտնվում էր «գորշ գոտում»։ Այս ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Կուրսկի մարզում «բուֆերային գոտու» ստեղծումը ուկրաինական ներխուժման ռազմավարական նպատակներից մեկն էր, իսկ ուկրաինական զորքերը շարունակում են պահել իրենց դիրքերը։

Նոյեմբերի 10-ին The New York Times-ը, հղում կատարելով ԱՄՆ եւ Ուկրաինայի պաշտոնյաներին, տեղեկացրել է, որ ՌԴ ՊՆ-ն ձեւավորել է հարվածային խմբավորում Կուրսկի մարզի ազատագրման համար՝ 50 հազար թվաքանակով։ Դրա կազմում ռուսներից բացի կան նաեւ հյուսիսկորեացի զինվորականներ։ Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ ռուսական բանակը արդեն սկսել է հակահարձակումը, բայց առայժմ ոչ մասշտաբային բնույթի։ NYT զրուցակիցներից մեկն ընդգծել է, որ ուկրաինական ուժերը պահպանում են կայուն պաշտպանությունը Կուրսկի մարզում եւ, հավանաբար, ինչ-որ ժամանակ կկարողանան պահել այդ տարածքը։

Ավելի վաղ նաեւ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ԶՈւ ներխուժումից հետո Սուջայից (քաղաք Կուրսկի մարզում, գտնվում է ուկրաինացիների վերահսկողության տակ) փախած բնակիչները Կուրսկի հանրահավաքում պահանջել են ճանաչել, որ շրջանում պատերազմ է ընթանում։ Ցուցարարներին դիմել է Կուրսկի մարզի վարչության ներկայացուցիչ Անատոլի Դրոգանը, որը պահանջել է քաղաքացիներից հեռանալ հրապարակից եւ գնալ հանրային ընդունարան, որպեսզի հավաքական դիմում կազմվի, բայց մերժում է ստացել։ «Մեզ համար միեւնույն է, թե որտեղ կսառչենք։ Փողոցում, թե որտեղ, ինչ տարբերություն, մենք, միեւնույն է, տանը չենք»,- ասել է փախստական կանանցից մեկը։