Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները. Իրանի ԱԳ նախարարը դիմել է Եվրոպային

Մանրամասներ
Աբբաս Արաղչի

Թեհրանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, և եվրոպական երկրները պետք է չեղարկեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գերմանական Der Spiegel ամսագրի թղթակցին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ես պատրաստ եմ եվրոպացիների հետ երկխոսության՝ Ռուսաստանի հետ մեր համագործակցության  վերաբերյալ: Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները: Դրանք միայն բարդացնում են խնդիրները և երբեք չեն օգնել լուծել Իրանի հետ խնդիրը: Իմ հայտարարությունը սա է՝ մոռացե՛ք պատժամիջոցները: Դրանք չեն աշխատել նախկինում, չեն աշխատում հիմա և չեն աշխատելու ապագայում»,- ասել է Արաղչին:

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքել են միջուկային համաձայնագիր՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ՀԳՀԾ), որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի օրոք 2018 թվականի մայիսին դուրս է եկել  ՀԳՀԾ-ից և վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակների սահմանափակումներից: