Հարավային Կովկասը Թրամփի քաղաքականության մեջ ավելի քիչ տեղ կզբաղեցնի, քան Բայդենի քաղաքականության մեջ. քաղաքագետ

Մանրամասներ
Սուրեն Սարգսյան

Հարավային Կովկասը Դոնալդ Թրամփի՝ որպես 47-րդ նախագահի քաղաքականության մեջ ավելի շատ տեղ կզբաղեցնի, քան իր նախորդ նախագահական ժամկետում, բայց ավելի քիչ, քան Բայդենի քաղաքականության մեջ։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը NEWS.am-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Թրամփի նախագահության օրոք իրադարձությունների հնարավոր զարգացման թեմային։

Ըստ քաղաքագետի՝ Բայդենի օրոք Հարավային Կովկասն ավելի մեծ տեղ էր զբաղեցնում ԱՄՆ քաղաքականության մեջ, ինչը պայմանավորված էր նաև նրանով, որ Ռուսաստանը տարածաշրջանի հարցերով զբաղվելու ժամանակ չուներ։ Ստեղծվեց վակուում, որն ԱՄՆ-ն արագ լցրեց, կարծում է Սարգսյանը։

Նախորդ նախագահության ժամանակ Թրամփի շրջապատում Հարավային Կովկասին քաջատեղյակ մարդիկ չկային, իսկ հիմա կան, շարունակեց քաղաքագետը։ «Դրանք մարդիկ են, ովքեր լավ ծանոթ են տարածաշրջանին, և նույնիսկ այցելել են այստեղ»,- նշել է Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Թրամփի վերջին երկու ուղերձներում օգտագործվել է Արցախ անվանումը՝ «էթնիկ զտում» եզրույթը։ «Այս մեսիջները չափազանց կարևոր են աշխատանքի ուղղությունները հասկանալու առումով»,- նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ սա կարևոր է, եթե նույնիսկ ասվում է, թե դա արվել է հայ ընտրողներից ձայներ գրավելու համար։ Այսպիսով, Թրամփի նախընտրական հայտարարությունները լավ ցատկահարթակ են հետագա աշխատանքի համար, ընդգծել է Սարգսյանը։

Պատասխանելով Հարավային Կովկասում հնարավոր բացասական զարգացումների, ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման, ՝ Իրանի ներգրավվածությամբ պատերազմի դեպքում հարցին, մասնավորապես՝ արդյո՞ք Ադրբեջանը կարող է օգտվել Սյունիք ներխուժելու հնարավորությունից, Սարգսյանը նշել է. «Իհարկե, հնարավոր է։ Բայց պետք է հաշվի առնել նաև զսպող մեխանիզմները։ Այո, Ադրբեջանը հնարավորություն կունենա, բայց կլինեն նաև մարտահրավերներ։ Կկարողանա՞ նա «մարսել» նման արկածախնդրությունը։ Կարծում եմ՝ Բաքուն լրջորեն կմտածի, և ոչ թե այն պատճառով, որ Թրամփն է ընտրվել, այլ այն պատճառով, որ իրավիճակն այլ է տարածաշրջանում, և Բաքվում դա հասկանում են»։

Արդյո՞ք Թրամփի վարչակազմն ակտիվորեն հետամուտ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խնդրին։ «Չեմ կարծում, որ դա կանի այնչափ, որչափ դա արեց Բայդենի վարչակազմը»,- կարծում է քաղաքագետը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ում Հարավային Կովկասի հակամարտության լուծումը համարվում է տարածաշրջանից Ռուսաստանի վտարում։