Ի՞նչ ես քեզ գցել բրնձի քոլերը, ուղեղներս բրնձում

Մանրամասներ
ախք արմեն գրիգորյան

«Հրապարակը» գրում է․

Այն հայտարարությունները, որ վերջին շրջանում դրվում է ԱԽՔ- վզին, մի բան է վկայում․ շուտով նրա երգն էլ կերգվի։ Դա ձեռագիր է․ մինչև վերջ հանրությանը լարել պաշտոնյայի դեմ ու հարցերը մեղմի մեջ լուծել։ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը միայն լսենք ու կհասկանաք, թե նրա վզին հայտարարությունների ինչ լուրջ բեռ է դրվել։  Հայտարարությունն արել է Հայաստանում տեղի ունեցած  «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ․ 

«Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի  ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Մեկ պարզ օրինակ բերեմ միայն․ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի․ ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք»։ 
Ուրիշները ասելով նա թիրախավորում է Ռուսաստանին։ Ամենապարզ եղանակով  Հայաստանին հասկացնում է, որ հնարավոր է Ռուսաստանը Հայաստանին զրկի հացից։ Բայց դա չի նշանակում, որ մենք կկոտորվենք սովից։  Ունենք ճկուն ԱԽՔ, որը ելքը գտել է։ Հացի փոխարեն կարող ենք անցնել բրնձի ու բրնձել։ Բայց թե ո՞վ է տալու  բրինձը, նա չի նշում։ ԱԽՔ-ն ասում է․ «Սա պետք է ներկա և ապագա մարտահրավերները հաղթահարելու համար»։ Հայաստանը   պիտի հարմարվի, հարմարվողականություն ձեռք բերի, որովհետև Արմեն Գրիգորյանը  Ռուսաստանի տվածը  չի ուզում՝ «քըխ է»։  Մնում է ասել՝ ի՞նչ ես քեզ գցել բրնձի քոլերը, ուղեղներս բրնձում․․․ Հանգիստ բրինձդ կեր, մեր հացին էլ վայիս մի եղիր։ Շուշիում իր հարսանիքին կնոջ հետ ,, Նախշուն բաջի,, երգի տակ պարողը հիմա էլ մեզ է պարացնում։

Կարող է շարքը թվարկե։ Գազ ու էներգիա տարբեր ցեղախմբեր չեն օգտագործում, կարևորը հարմարվենք։ Հարմարվողականության արդյունքում մեր մաշկը կկոշտանա, գուցե մազածածկույթով  մորթի էլ առաջանա, բայց   կդիմագրավենք մարտահրավերներին։ Կարևոր չէ, որ մի ողջ սերունդ հաշմանդամ կունենանք, կարևորը հարմարվելն է։ Ու չնայած ասելիքի պատասխանատվությունն իր վրայից գցելու համար նա նշում է, որ տնտեսության այս բազմազանեցումը քննարկվել է Բրյուսելում ապրիլի 5-ին Փաշինյանի, Ֆոնդերլայնի և պետքարտուղար Բլիքնենի հետ հանդիպման ժամանակ, բայց միևնույն է, ինքն է թակարդում։ Ընդամենը մի օրինակ բերեցի, բայց նրա ակտիվ հայտարարությունների շարքը շարունակվում է, որը վկայություն է այն բանի, որ հերթական կրակի վրա իր «ճտճտոցն ենք լսելու»։ Նիկոլ Փաշինյանի  ձեռագիրն է՝ դա խազ օգտագործել և դեն նետել։