«Միքայել Սրբազանն իր շոշափած թեմատիկայով ընդհուպ մոտենում է «շարքային բանախոսի» սահմանագծին». Հակոբ Բադալյան

Մանրամասներ
հակոբ

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բացարձակապես հակված չեմ մտածել, թե Միքայել Աջապահյանը չի պատկերացնում եւ առավել եւս՝ հասկանում, թե ինչ է անում կամ խոսում:

Ավելին, առաջնորդվում եմ՝ իմ չհասկանալու կանխավարկածով:

Ըստ այդմ, որքան չեմ հասկանում, ժողովրդական լեզվով ասած՝ Միքայել Սրբազանին «ազարտի» են գցել: Բացարձակապես չեմ քննարկում՝ նրա վերջին օրերի ակտիվությունն ու շոշափած թեմաներն ու հռետորաբանությունը (չկրկնեմ, թերեւս բոլորը արդեն ծանոթ են) արդարացի են, իրավացի են, դիպուկ են, թե ոչ:

Ես իրերի այդ դրությունը դիտարկում եմ հետեւյալ կերպ՝ իսկ ինչպիսի՞ն է դրանց ՕԳԳ-ն:

Եվ չհասկանալով, թույլ կտամ ինձ ասել, որ ՕԳԳ-ն ձգտում է ոչ միայն զերոյի, այլ՝ մինուսի:

Եվ դարձյալ, չհասկանալով, մինուսի է ձգտում, որովհետեւ դա ասողը Միքայել Սրբազանն է:

Քաղաքական սանիտարի ֆունկցիան շատ կարեւոր է, առավել եւս Հայաստանում: Բայց, դա պետք է ենթադրի ոչ միայն հռետորաբանություն, այլ նաեւ՝ գործողություն: Միքայել Սրբազանն այդ գործողության դաշտում չէ: Հետեւաբար նրա արածը հանգում է մի հետեւյալ կետի՝ ում դուր է գալիս, փառաբանում կամ նվազագույնը գովաբանում են նրան այդ խոսքի համար, ում դուր չի գալիս՝ պախարակում են:

Եվ, վերջ: Միքայել Սրբազանը դառնում է հայկական հասարակական-քաղաքական դաշտի հերթական հռետորը, որն արժանանում է ծափերի եւ պախարակման:

Այլ կերպ ասած, ինչպես մի առիթով հայտարարել էր նախկին նախագահներից մեկը, մեկ այլ նախկին նախագահի մասին, այս պարագայում էլ՝ Միքայել Սրբազանն իր շոշափած թեմատիկայով ընդհուպ մոտենում է «շարքային բանախոսի» սահմանագծին:

Իսկ մեր հասարակական-քաղաքական կյանքում խիստ, շատ շատ խիստ պակասում են «ոչ շարքային բանախոսները», «ոչ շարքային»:

Իսկ Միքայել Սրբազանն այդ առումով, իմ՝ սուբյեկտիվ չհասկացողիս գնահատմամբ, այդպիսին լինելու հեղինակության ու պոտենցիալի կրող հազվադեպ անհատներից է: Ըստ այդմ, կարծում եմ, որ Սրբազանի տրամաչափից շատ ցածր է «աշխարհիկ ներքաղաքականությունը»»: