Ի՞նչ ասի ԱԱԾ տնօրենը, երբ Փաշինյանն ասում է՝ Ալիևը երդվել է, իր մոտ չեն տղաները

Մանրամասներ
6

168․am. Երկարատև պայքարից, բողոքի ակցիաներից հետո Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների մի քանի ծնողներ օրերս հանդիպել են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։

Հանդիպում են ունեցել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Ի տարբերություն ԱԱԾ տնօրենի, Արմեն Գրիգորյանն առհասարակ ծնողներից որևէ մեկի հարցին չի պատասխանել։

168.am–ի հետ զրույցում ծնողներից մեկն ասաց, որ Արմեն Գրիգորյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցի դիվերսանտին, ով կարողանում է մտնել Սիսիան ու հայի սպանել, որոշ ժամանակ անց ՀՀ իշխանությունը վերադարձնում է Ադրբեջանին, բայց իրենց տղաներից որևէ մեկին չեն կարողանում հայրենիք վերադարձնել, Արմեն Գրիգորյանը միայն ուսերն է թափ տվել ու պատասխանել. «Բա ես ի՞նչ իմանամ»։

Արմեն Գրիգորյանը միայն ասել է, թե միջազգային կառույցներում հանդիպումների ժամանակ բարձրացնում են անհետ կորածների հարցը։ Սակայն նրան ծնողները չեն հավատացել, քանի որ օրերս երբ ծնողներով այցելել են Երևանում ՄԱԿ գրասենյակ, այնտեղի պաշտոնյան, ով վերջերս է նշանակվել, չի էլ իմացել, որ դեռևս 2020 թվականի արցախյան պատերամից հետո հայկական կողմն ունի անհետ կորածներ։

«Մեզ ասում է՝ դե խոսում ենք այդ մասին, էլ ինչպե՞ս խոսենք։ Եթե միջազգային կառույցներում խոսում են մեր տղաների մասին, ապա Երևանում ՄԱԿ գրասենյակում նստած պաշտոնյային պետք է ասեին մեր անհետ կորած տղաների մասին, բայց պարզվում է՝ չեն ասել։

Առհասարակ չեն աշխատում, որովհետև մեր տղաներին մոռացել են ու իրենց քաղաքական հարցերն ու խնդիրներն են լուծում»,- նշեց «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։

Արմեն Գրիգորյանից ծնողները նաև հետաքրքրվել են՝ ո՞ւմ դիմեն, ո՞վ կարող է իրենց օգնել, ԱԽ քարտուղարը պատասխանել է. «Ամեն դեպքում ռուս խաղաղապահն է կանգնած եղել»։

Այս պատասխանից հետո ծնողները նաև հետաքրքրվել են՝ «եթե այդպես էր՝ ինչո՞ւ ռուսի գրկից դուրս եկան, ընկան եվրոպացու գիրկը։ Դրա համար էլ անհետ կորածների ծնողներին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը չեն ընդունում»։

Սակայն Արմեն Գրիգորյանը կրկին որևէ պատասխան չի տվել։

Ծնողները նշեցին, որ ԱԱԾ տնօրենի հետ քննարկել են իրենց որդիների կարգավիճակը, քանի որ իրենց որդիները ոչ թե զոհվածի, այլ անհետ կորածի կարգավիճակում են։

«Աբազյանին ասացինք՝ ստացվում է, որ մեր տղաներին զոհվածի կարգավիճակ եք տվել, որպեսզի ԴՆԹ-ով գնաք՝ հետաքրքրվեք, հասկանանք՝ ձեր տված կարգավիճակը ճի՞շտ է, թե՞ ոչ։

Դե ի՞նչ ասի ԱԱԾ տնօրենը, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Ալիևը երդվել է, իր մոտ չեն տղաները։

Իսկապես չգիտենք՝ ինչպես ու երբ են մեր հարցը լուծելու։ Գիտե՞ք՝ Աբազյանը մեզ ինչ ասաց. ասաց, որ բոլորիս դեմքով արդեն գիտի, բայց ինչո՞ւ հանդիպմանը բոլորը չկան։ Մենք ինչպե՞ս պատասխանենք նրան, որ իշխանությունը փողի դիմաց շատ ծնողների ուղղակի լռեցրել է, ու մենք քիչ ծնողներով ենք մնացել պայքարում»,- նշեց ծնողներից մեկը՝ հավելելով, որ պայքարն իրենց որդիների համար շարունակելու են։