Էրդողանին խորհուրդ տվեցին հիշել՝ ինչ եղավ Սադամ Հուսեյնի հետ

Մանրամասներ
էրդողան

«Եթե Թուրքիան ուժեղ լինի, ապա կկարողանա մտնել Իսրայել, ինչպես նախկինում Լեռնային Ղարաբաղ և Լիբիա»։ Երեկ հերթական հոխորտալից հայտարարությունն էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ռիզե քաղաքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածաշրջանային ակտիվի հետ հանդիպման ժամանակ։

Այս հայտարարության վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

-Պարո՛ն Սաֆրաստյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Էրդողանի այս հայտարարությունը՝ հրապարակային ինքնախոստովանությո՞ւն, թե՞ սպառնալից հայտարարություն։

-Թուրքիան առաջին անգամը չէ, որ խոստովանում է՝ միջամտել է, նույնիսկ՝ իրական մասնակցություն է ունեցել արցախյան պատերազմին, բայց Էրդողանի հայտարարության մեջ կարևորն այն էր, որ նա սպառնում է Իսրայելին։ Սա համարում եմ սադրիչ հայտարարություն․ ի՞նչ նպատակով է նա դա անում, չեմ կարող ասել։ Թուրքիայում դժգոհության մեծ ալիք կա, տնտեսության վիճակը վատ է, և այս առումով նա նպատակ ուներ շեղել հանրության ուշադրությունը ոչ բարվոք իրավիճակից։ Պատահական չէ, որ այս հայտարարությունը հեռարձակվեց նաև թուրքական եթերով։ Այստեղ կան նաև մերձարևելյան քաղաքական հաշվարկներ, որ Թուրքիան փորձում է իրեն ներկայացնել, որպես իսլամական աշխարհի առաջնորդ, փորձում է Մերձավոր Արևելքում իր տեղն ու դերը բարձրացնել, սա էլ պետք է հաշվի առնել։

-Իր հերթին էլ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարությամբ էր հանդես եկել, թե Թուրքիայի ԶՈՒ-ն չի մասնակցել 44-օրյա պատերազմին, այսինքն՝ Բաքվից իբրև հերքում են Էրդողանին։

-Մենք իրականությունը գիտենք, ինչ էլ Ադրբեջանը հայտարարի։ Փորձում են Էրդողանին հերքել իբրև, բայց իրողությունը բոլորն էլ գիտեն։

-Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ Էրդողանի այս հոխորտանքներն ինչո՞ւ միջազգային դերակատարների կողմից կոշտ արձագանք չստացան։

-Իսրայելից կոշտ արձագանք եղավ, Իսրայելի ԱԳՆ-ն խորհուրդ էր տալիս Էրդողանին՝ հիշել, թե ինչ եղավ Սադամ Հուսեյնի հետ, ով նմանատիպ հայտարարություններով էր հանդես գալիս ու իր պաշտոնավարումն ավարտեց կախաղանի վրա։ Ես կարծում եմ՝ լուրջ խաղացողները՝ Իրանը, ԱՄՆ-ն հասկանում են, որ սրանք սադրիչ հայտարարություններ են, բայց դժվար հետևեն լուրջ քայլեր Թուրքիայի կողմից։ Էրդողանն իր խաղն է խաղում՝ ներքին լսարանի համար, իսլամական աշխարհում իր հեղինակությունը բարձրացնելու համար, սա սադրիչ խաղ է։

Քրիստինա Մուշեղյան