ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչին ընդառաջ․ թվեր, փաստեր, ռեկորդներ

Մանրամասներ
Euro-2024

Իսպանիայի և Անգլիայի հավաքականները կհանդիպեն ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում։ Վճռորոշ հանդիպումը կկայանա կիրակի օրը Բեռլինի Օլիմպիաշտադիոնում։ Հանդիպման մեկնարկը՝ 23։00-ին։

Իսպանիան եզրափակիչում կփորձի նվաճել Եվրոպայի առաջնության ռեկորդային՝ չորրորդ տիտղոսը։ Դե լա Ֆուենտեի թիմը Գերմանիայի հետ կիսում է ԵՎՐՈ-ի երեք հաղթանակների ռեկորդը և կփորձի 2008 թվականից ի վեր երրորդ անգամ հաղթել մրցաշարում (առաջին անգամ հաղթել է 1964 թվականին):

Թվեր, փաստեր և ռեկորդներ

 Իսպանիայի համար սա արդեն 5-րդ եզրափակիչն է մրցաշարում, իսկ Անգլիան երկրորդ անգամ կխաղա գլխավոր խաղում, ընդ որում՝ երկրորդ անգամ անընդմեջ։ Իսպանիան միակ թիմն է, որը կարողացել է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով մրցաշարում երկու անգամ անընդմեջ։ Մինչ այժմ 10 թիմ է հաղթել մրցաշարում, եթե անգլիացիները հաղթեն՝ կդառնան 11-րդը։

Գարեթ Սաութգեյթը դարձավ երրորդ մարզիչը, ով երկու անգամ դուրս եկավ ԵՎՐՈ-ի եզրափակիչ։ Նրանից առաջ դա արել են Հելմուտ Շյոնը և Բերտի Ֆոգթսը:

Մադրիդի «Ռեալի» երեք ներկայացուցիչներ՝ Դանի Կարվախալը, Նաչոն և Խոսելուն, կարող են համալրել այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր նույն տարում հաղթել են Եվրոպայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան։ Անգլիացիների կազմում նույն հաջողությունը կարող է գրանցել Ջուդ Բելինգհեմը։

 Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դարձավ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի պատմության լավագույն ռմբարկուն։ Նա Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի՝ Նիդեռլանդների հետ խաղում, իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Քեյնը խփեց իր վեցերորդ գոլը փլեյ-օֆֆում՝ այդպիսով շրջանցելով ֆրանսիացի Անտուան ​​Գրիզմանին, ով այս փուլի խաղերում հինգ գոլ ունի։

Իսպանացի կիսապաշտպան Լամին Յամալը Ֆրանսիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ խաղում խփել է մրցաշարում իր առաջին գոլը։ Այսպիսով, Յամալը Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաերիտասարդ գոլի հեղինակն է։

Իսպանիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում արդեն 13 գոլ է խփել: Սա Եվրո-2020-ում Իսպանիայի հավաքականի ռեկորդի կրկնությունն է։ Միայն Ֆրանսիան է 1984 թվականին մեկ մրցաշարում ավելի շատ գոլ խփել (14):

Անգլիան ԵԱ-ի պատմության մեջ առաջին թիմն է, որը դուրս է եկել եզրափակիչ՝ չնայած պարտվել է խաղի ընթացքում և՛ քառորդ եզրափակիչում, և՛ կիսաեզրափակիչում: Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Անգլիան 2-1 հաշվով հաղթեց Սլովակիային՝ զիջելով հանդիպման ընթացքում մրցակցին։ Մրցաշարի 1/4 եզրափակիչում բրիտանացիները պարտվում էին Շվեյցարիային, սակայն կարողացան հավասարեցնել հաշիվն ու խաղը տեղափոխել 11 մետրանոց հարվածաշար, որտեղ էլ հաղթեցին (1-1, 5:3 11 մետրանոց):

Իսպանիան առաջին թիմն է, որը հիմնական և լրացուցիչ ժամանակի ընթացքում (առանց 11 մետրանոց հարվածաշարի) տարել է ԵՎՐՈ-ում վեց անընդմեջ հաղթանակ:

Դանի Օլմոն դարձավ առաջին իսպանացի ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Եվրոպայի առաջնության երեք խաղում անընդմեջ։

Իսպանիայի հավաքականի երեք ֆուտբոլիստ՝ Դավիդ Ռայան, Մարկ Կուկուրելան և Ռոդրին, հանդես են գալիս Անգլիայի առաջնությունում։ Անգլիայի հավաքականի կազմում միայն Ջուդ Բելինգհեմն է հանդես գալիս Իսպանիայի առաջնությունում։

20-ամյա Բելինգհեմը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Եվրոպայի երկու առաջնություններում: Նախորդ ռեկորդը ևս գրանցվել էր այս տարվա մրցաշարում և պատկանում էր Գերմանիայի հավաքականից Ջամալ Մուսիալային, որը տևեց ընդամենը երկու օր։

Ավելին՝ Armsport