Էմերի․ Օզիլն ու Կոլաշինացը չխաղացին անձնական հանգամանքների բերումով

Մի քանի օր հետո մենք դարձյալ կստուգենք նրանց ֆիզիական եւ հոգեբանական վիճակը

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է, թե ինչու են կիսապաշտպան Մեսութ Օզիլն ու պաշտպան Սեադ Կոլաշինացը բաց թողել Emirates Cup-ի հանդիպումը ֆրանսիական «Լիոնի» հետ։ Անգլիական թիմը պարտվել էր 1։2 հաշվով։

«Օզիլն ու Կոլաշինացը հանդիպումը բաց թողեցին անձնական հանգամանքների բերումով։ Հիմա լավագույն պահը չէ նրանց համար, որպեսզի դուրս գան խաղադաշտ։ Նրանք դեռ 100 տոկոսով կենտրոնացած չեն։

Ամենակարեւորը նրանց անվտանգությունն է եւ իրենց ընտանիքների հետ սովորական կյանքի վերադառնալը։ Ես զրուցել եմ նրանց հետ եւ մի քանի օր լրացուցիչ հանգիստ եմ տրամադրել։

Մի քանի օր հետո մենք դարձյալ կստուգենք նրանց ֆիզիական եւ հոգեբանական վիճակը»,- Էմերիի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Լոնդոնի հյուսիսում դանակով զինված հանցագործները մոպեդով հարձակվել են Օզիլի եւ լոնդոնյան թիմի բոսնիացի պաշտպան Սեադ Կոլաշինացի վրա, որոնք եղել են ավտոմեքենայում։ Կոլաշինացն ու Օզիլը մուսուլման են եւ ընկերներ։

Դրանից հետո Օզիլը դիմել էր անվտանգության ծառայության՝ առանձնատան համար վարձելով անվտանգության աշխատակիցների շուրջօրյա պահակային հերթապահություն, գրում է  NEWS.am SPORT: