Եվրոպան միասնական բանակ չի ստեղծի. Լեհաստանի պատասխանը Զելենսկուն

Մանրամասներ
ուկրաինա

Եվրոպական երկրները միասնական բանակ չեն ստեղծի՝ ի պատասխան Ռուսաստանի սպառնալիքների, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։

Ավելի վաղ Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել ստեղծել եվրոպական բանակ՝ ասելով, որ մայրցամաքն այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ի պաշտպանությանը և միայն ուժեղ բանակով ձեռք կբերի Վաշինգտոնի հարգանքը։

Պատասխանելով եվրոպական բանակ ստեղծելու հնարավորության մասին հարցին՝ Սիկորսկին ասել է TVP World-ին, որ «մենք պետք է զգույշ լինենք այս տերմինն օգտագործելիս, քանի որ մարդիկ տարբեր բաներ են հասկանում»։

«Եթե սրանով նկատի ունեք ազգային բանակների միավորում, դա տեղի չի ունենա։ Բայց ես կողմ էի, որ Եվրոպան, Եվրամիությունը զարգացներ սեփական պաշտպանական կարողությունները»,- ասել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նա ասել է, որ ԵՄ-ն ներկայումս ուժեղացված բրիգադ է ձևավորում: «Եթե ԱՄՆ-ն ցանկանում է, որ մենք զարգացնենք մեր պաշտպանունակությունը, դա պետք է ունենա ազգային բաղադրիչ, ՆԱՏՕ-ի բաղադրիչ, բայց ես կարծում եմ նաև, որ ԵՄ եվրոպական բաղադրիչը, մեր արտադրական կարողությունները զարգացնելու նպատակով պաշտպանական արդյունաբերության համար ԵՄ սուբսիդիաները, ինչպես նաև ԵՄ զինված ուժերն արժանի են իրենց անվանը»,- հայտարարել է Սիկորսկին։

Նա կրկնել է, որ ուկրաինական տարածքում լեհական զորքերի ներկայությունը «չի դիտարկվել, քանի որ Լեհաստանի պարտականությունը ՆԱՏՕ-ի հանդեպ արևելյան թևը, այսինքն՝ իր սեփական տարածքը պաշտպանելն է»։