Առանց ԱՄՆ-ի օգնության Կիևը կարող է մինչև 2024-ի վերջ պարտվել պատերազմում. ԿՀՎ տնօրեն

Մանրամասներ
ամն

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսն ասել է, որ Ուկրաինան միանգամայն ի վիճակի կլինի պաշտպանել իրեն ԱՄՆ-ի օգնությամբ, բայց եթե օգնությունն այժմ չհաստատվի Կոնգրեսում, Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ: Այս մասին գրում է golosameriki.com-ը:

Ելույթ ունենալով Կապիտոլիումում գտնվող Ջորջ Բուշի նախագահական կենտրոնում՝ Բըրնսը հորդորել է օրենսդիրներին հաստատել օրինագիծը, որը միլիարդավոր դոլարներ կտրամադրի Ուկրաինային:

«Ինչպես գործնականում, այնպես էլ հոգեբանական առումով ռազմական օգնությունը կապահովի, որ ուկրաինացիները գտնվեն լավ դիրքերում և դրանք պահպանեն 2024 թվականի ընթացքում և մարտահրավեր նետեն Պուտինի ամբարտավան տեսակետին, որ ժամանակն իր կողմից է», - ասել է նա:

Բայց եթե օգնությունը չհաստատվի Կոնգրեսի կողմից, «պատկերը շատ ավելի մռայլ կլինի», հավելել է նա։

«Կա շատ իրական վտանգ, որ ուկրաինացիները կարող են պարտվել մարտի դաշտում մինչև 2024 թվականի վերջը, կամ որ Պուտինը կհայտնվի այնպիսի դիրքում, երբ, ըստ էության, կարող է թելադրել քաղաքական կարգավորման պայմանները», - ասել է ԿՀՎ ղեկավարը։ 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին հրապարակել է Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին օրինագիծը։ Այն ենթադրում է ավելի քան 60 մլրդ դոլարի հատկացում, տակտիկական բալիստիկ ATACMS հրթիռների փոխանցում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աջակցել է նախագծին և Կոնգրեսին կոչ է արել արագ ընդունել այն: Օրինագծի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում նախատեսված է ապրիլի 20-ին։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի օգնության փաթեթը բաժանվել է երեք օրինագծի՝ օգնություն Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին։ Դրանցից յուրաքանչյուրի համար քվեարկությունը տեղի կունենա առանձին։

Օրինագծով նախատեսված 60,84 մլրդ դոլարից մոտ 23 մլրդ դոլարը պետք է ուղղվի ամերիկյան զինանոցների համալրմանը։ Եվս 13,8 միլիարդ դոլար կտրամադրվի Ուկրաինային զենք և պաշտպանական ծառայություններ գնելու համար, 11,3 միլիարդ դոլար՝ «տարածաշրջանում ԱՄՆ-ի շարունակվող ռազմական գործողություններին»:Եթե օրինագիծն ընդունվի, Ուկրաինան ապագայում պետք է փոխհատուցի բոլոր ծախսերը։

Նախագծի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 60 օր հետո ԱՄՆ նախագահը պարտավոր կլինի բանակցել Ուկրաինայի կառավարության հետ միջոցների վերադարձի շուրջ։ Նախագահը կկարողանա ներել պարտքի մինչև կեսը, սակայն դա կարելի է անել այս տարվա նոյեմբերի 15-ից ոչ շուտ։

Ինչ վերաբերում է ATACMS հրթիռներին, ապա նախագծում պարզաբանվում է, որ նախագահն իրավունք ունի հետաձգել հրթիռների ուղարկումը, եթե համարի, որ դա կվնասի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։

«Պալատը պետք է այս շաբաթ ընդունի օգնության այս փաթեթը, և Սենատը պետք է արագ հետևի նրան: Ես անմիջապես կստորագրեմ դրանք», - ասվում է Ջո Բայդենի հայտարարության մեջ:

Ուկրաինայի նախագիծը պարտավորեցնում է նաև Պենտագոնին և Պետդեպարտամենտին փաստաթղթի ընդունումից հետո 45 օրվա ընթացքում Ուկրաինային աջակցելու ռազմավարություն մշակել։ Ռազմավարությունը պետք է մշակվի միանգամից մի քանի տարվա համար։ Անհրաժեշտ կլինի Ուկրաինայի համար կոնկրետ նպատակներ նախանշել և գնահատել, թե որքան ֆինանսական ռեսուրսներ կպահանջվեն երկրին այդ նպատակներին հասնելու համար։

Ուկրաինային միջոցներ հատկացնելու մասին օրինագիծը ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է 2023 թվականի հոկտեմբերից։