Նա փորացավ է ունեցել, շտապօգնության մեքենայում գրանցվել է սրտի կանգ. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ջրծաղիկով երեխայի մահվան մասին

Մանրամասներ
երեխա

9-ամյա տղա երեխա է մահացել Արարատից Երևան տեղափոխելիս։ Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց:

Այս մասին Sputnik Արմենիա-ին ասել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը։

«Երեխան վարակված է եղել ջրծաղիկով, գտնվել է տանը։ Փորացավ է ունեցել, դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ ամբուլատոր օգնություն են ցույց տվել, ցավազրկող նոշպա են ներարկել, որից հետո երեխային տուն են ուղարկել։ Փորացավը շարունակվել է, որից հետո կրկին դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ հերթապահ բժիշկները պայմանավորվել են Երևանի մեկ այլ հիվանդանոցի հետ` երեխային այնտեղ տեղափոխելու, ախտորոշումը ճշտելու համար»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Արարատից շտապօգնության մեքենայով Երևան հասնելու ճանապարհին երեխայի վիճակը վատացել է, և սրտի կանգ է գրանցվել։

Ուղեկցող ռեանիմատոլոգը վերակենդանացման միջոցառումներ է ձեռնարկել, և քանի որ ամենամոտ բուժհաստատությունը եղել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն, երեխային տեղափոխել են այդտեղ։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում շարունակվել են վերակենդանացման միջոցառումները, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, և երեխան մահացել է։

Թե ինչն է իրականում եղել երեխայի մահվան պատճառը, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Նշենք, որ այսօր Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր ԲԿ-ներից մեկում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի մահվան մասին։