Դիաբետի ուսումնասիրման Եվրոպական ասոցիացիայի (EASD) ամենամյա ժողովի ընթացքում Նյուքասլի համալսարանի գիտնականները տեղեկացրել են, որ 2-րդ տեսակի դիաբետով տառապող յուրաքանչյուր տասներորդ մարդ Մեծ Բրիտանիայում ունի նորմալ քաշ, եւ սովորաբար բժիշկները նրանց խորհուրդ են տալիս չիջեցնել քաշը։ Մասնագետներն իրենց գիտական աշխատանքում գնահատել են, թե կարող է արդյոք մարմնի զանգվածի նվազումը բարելավել պացիենտների այդ խմբի ցուցանիշները, տեղեկացրել է MedicalXpress-ը։
Հետազոտությանը մասնակցել է 2-րդ տեսակի դիաբետ ունեցող 12 տղամարդ եւ կին, որոնք քաշի հետ կապված խնդիրներ չեն ունեցել, նրանց միջին ՄԶԻ-ն կազմել է 24,5։ Մի քանի շաբաթվա ընթացքում կամավորները խիստ դիետա են պահպանել՝ սնվելով ցածր կալորիական ապուրներով եւ կոկտեյլներով եւ սպառելով օրական 800 կալորիայից ոչ ավելի։
Ծրագրի երեք ցիկլերից հետո մասնակիցները կորցրել են իրենց քաշի 10-15 տոկոսը, միջինը՝ 8,2 կիլոգրամ։ Զգալիորեն նվազել է ճարպի ընդհանուր ծավալն օրգանիզմում եւ մասնավորապես լյարդում ու ենթաստամոքսային գեղձում։ Գիտնականները նաեւ նշել են տրիգլիցերիդների (սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի կարեւոր մարկերներից մեկի) մակարդակի նվազում, այն հասել է վերահսկելի մեծությունների։
Ավելին, 12 մասնակիցներից 8-ի մոտ (67 տոկոս) դիաբետն անցել է ռեմիսիայի, այսինքն՝ շաքարի մակարդակն արյան մեջ կարգավորվել է առանց դեղերի։ Հետազոտության հեղինակները տեղեկացրել են, որ այդ արդյունքները համաձայնեցվում են նախորդ գիտական աշխատանքների եզրակացությունների հետ։
«Թեեւ սրանք նախնական տվյալներ են, դրանք շատ հստակ ցույց են տալիս, որ դիաբետն առաջանում է ոչ թե ճարպակալումից, այլ նրանից, որ այն շատ ծանր է ձեր սեփական մարմնի համար։ Դա տեղի է ունենում լյարդում եւ ենթաստամոքսային գեղձում ճարպի չափից շատ քանակության պատճառով՝ անկախ ձեր ՄԶԻ-ից»,- տեղեկացրել է հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Ռոյ Թեյլորը։
0Comments