Մենք շարունակում ենք բարեփոխումների ճանապարհը Հայաստանի դիմակայունությունը մեծացնելու և բարձրացնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տարածքաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին, իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ:
Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ The Telegraph-ին տված հարցազրույցում:
Լրագրողի հարցին, արդյոք Փաշինյանը վախ ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է սկսվել 3-րդ պատերազմը, նա պատասխանել է։
«Վախը ճիշտ բառ չէ օգտագործելու համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, զարգացող պետություն է և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես արդեն ասացի, իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր երկրի դիմակայունությունը բարձրացնելու համար, և իմիջիայլոց, վերջին տարիներին կարծում եմ միջազգային հանրությունը տեսավ և մեր հանրությունն էլ տեսավ, որ մեր երկրի դիմակայունությունն էականորեն բարձրացել է: Մենք շարունակում ենք բարեփոխումների ճանապարհը Հայաստանի դիմակայունությունը մեծացնելու և բարձրացնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տարածքաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին, իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ»:
Ըստ Փաշինյանի՝ բոլոր հարցազրույցները՝ շատ լավ հարցազրույց, բոլոր հայտարարությունները՝ շատ լավ հայտարարություն, բայց շատ կարևոր է, որ մենք արձանագրենք մեր հարաբերությունների միջպետական բնույթը:
«Թեպետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք՝ ես պարտավոր եմ հղվել մեր կողմից ստորագրված փաստաթղթերի վրա: Ես արդեն ասացի, որ մենք Ադրբեջանի հետ ունենք ստորագրած փաստաթուղթ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ: Եթե այս տրամաբանությամբ նայենք և եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա: Նայեք Ադրբեջանի շուրջը, եթե ինքն իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում, ուրեմն կարող է ցանկացած իր հարևան երկրի վրա հարձակվել, եթե այդպես է»,- ասել է նա:
0Comments