Երկրի վարկանիշն այս աստիճանի անկում ապրած երբևէ չի եղել. քաղաքագետ

Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարը բավականին մշուշոտ է, որովհետև նույնիսկ ռուսական կողմը չէր ցանկանում երկկողմ հանդիպում կազմակերպել, և ստիպված հայկական կողմը խնդրեց, որ այդ հանդիպումը կայանա «Դվին» ռեստորանում

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Tert.am-ի հետ զրույցում, ամփոփելով Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովը և հայ-ռուսական հարաբերությունները, ասաց, որ ռուսական հարաբերությունների հեռանկարը բավականին մշուշոտ է: Ինչ վերաբերում է ոչ թե կառավարությունում, այլ օդանավակայանում տեղի ունեցած Պուտին- Փաշինյան հանդիպմանը, ապա նա նշեց. «Իշխանությունների այս անլուրջ քայլերը էապես ազդում են երկրի վարկանիշի վրա: Երկրի վարկանիշը այս աստիճանի անկում ապրած երբևէ չի եղել վերջին 30 տարիների ընթացքում»,-ասաց նա:

- Ինչպե՞ս եք գնահատում Երևանում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունավետությունը, տեսնո՞ւմ եք տնտեսական, քաղաքական առումով ձեռքբերումներ:

-Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ արդյունք կարող է լինել, եթե Հայաստանը նախաձեռնողական քաղաքականություն ունենա ԵԱՏՄ շրջանակներում: Ես միշտ ասել եմ, որ ԵԱՏՄ-ում կշահի այն երկիրը, որը կունենա դինամիկ տնտեսություն, շատ ապրանքներ կարտադրի: Մեզանից է կախված, թե մենք ինչ արդյունքների կարող ենք հասնել այս ինտեգրացիայի շրջանակներում:

-Ի՞նչ կասեք այն մասին, որ որպես ձեռքբերում է ներկայացվում, որ Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, ով ՌԴ նախագահ Պուտինին օդանավակայանում չի դիմավորել:

-Ցավում եմ, որ Հայաստանի իշխանությունների ամբողջ քայլերը պայմանավորված են ներքին լսարանով, այսինքն` ըստ էության Նիկոլ Փաշինյանը փորձում է տարբերվել մնացած ղեկավարներից և ցույց տալ, որ ունի ինքնիշխան կեցվածք` սկսած արարողակարգային խնդիրներից, վերջացրած այլ խնդիրներով: Սակայն ես կարծում եմ, որ դրա բումերանգի էֆեկտը մեր հանրությունը կարող է շատ մեծ վտանգով ստանալ: Ես գտնում եմ, որ նման կեցվածքը և քաղաքականությունը ոչ մի կապ չունեն ինքնուրույն քաղաքականության հետ: Եթե նկատեցիք, ԱՄՆ այցի ընթացքում Փաշինյանին որևէ պաշտոնատար անձ Թրամփի վարչակազմից այդպես էլ չընդունեց, նույնիսկ ներկայացուցչական մարմնի հայամետ կոնգրեսմենները նույնպես նրան չհանդիպեցին, ինչը աննախադեպ էր Հայաստանի ղեկավարի այցի պարագայում:

Սա ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ցածր մակարդակի վրա է, որի հետևանքները շատ լուրջ կարող են լինել, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ պրոցեսներ են ընթանում Ռուսաստան-Հայաստան և Ռուսաստան-Ադրբեջան հարթություններում: Ընդամենը երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և դա հայտարարեց այն միջավայրում, որտեղ Պուտինն էր, մինչդեռ Փաշինյանը դա հայտարարում է Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հայտարարությունն ուղղված էր ներքին լսարանին, իսկ Ալիևի հայտարարությունն ուղղված էր արտաքին լսարանին: Կարծում եմ, որ ցանկացած լուրջ մարդ կհասկանա այս հայտարարությունների շեշտադրումների տարբերությունը, ինչը նշանակում է, որ Փաշինյանի գլխավոր նպատակը ոչ այնքան դիվանագիտական հանրության մեջ հաջողության հասնելն է, որքան ներքին հարթակներում ցույց տալ, թե ինքը ավելի լավ վիճակում է:  

-Ինչպե՞ս եք գնահատում, որ Փաշինյան-Պուտին երկրորդ հանդիպումը օդանավակայանում է ընթացել, ինչը ընդունված չէ կառավարությունում:

-Ես կարծում եմ, որ դա շատ տխուր փաստ է, քանի որ ընդունող կողմը ցանկացել է երկկողմ հանդիպում կազմակերպել, բայց ամենայն հավանականությամբ ռուսական կողմը այդքան էլ հակված չի եղել այդ հանդիպումը կազմակերպել, դրա համար կարելի է ասել, որ երկկողմ հանդիպումը սկզբնական փուլում եղել է «Դվին» ռեստորանում ավելի քան մեկ ժամ և շարունակվել է օդանավակայանում: Սա արդեն ցույց է տալիս մեր երկրի անլրջության աստիճանը, և սա շատ վտանգավոր է այն իմաստով, որ փաստացի իշխանությունների այս անլուրջ քայլերը էապես ազդում են երկրի վարկանիշի վրա: Երկրի վարկանիշը այս աստիճանի անկում ապրած երբևէ չի եղել վերջին 30 տարիների ընթացքում:

-Ստացվում է, որ Հայաստանը պոտենցիալ ունի՝ գագաթնաժողովից արդյունքներ ստանալ, և ամեն ինչ իշխանությունների քայլերի՞ց է կախված:

-Ես կարծում եմ, որ գագաթնաժողովների անցկացումը սիմվոլիկ բնույթ է կրում, քանի որ անցկացման վայրը կարևոր չէ, կարևորը իրական արդյունքներն են: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար կարևոր է ներքին կյանքի խնդիրները, թե ինչպես է կարողանում կազմակերպել տնտեսությունը, քաղաքական համակարգը, բարոյական մթնոլորտը, որ կարողանանք օգտվել 180 միլիոնանոց շուկայից: Ընդհանուր առմամբ գագաթնաժողովը նախապես տարած աշխատանքի վերջնարդյունքն է, և կարծում եմ, որ անմիջապես կարող է այդ արդյունքը չերևա, բայց հետագա  գործընթացները ցույց կտան, թե ինչ արդյունքներ կարող ենք ունենալ: Շատ մեծ հույսեր ունենալու իմաստ չունի, քանի որ երկիրը մեծ հաշվով հաջողության կարող է հասնել այն դեպքում, երբ կունենա դինամիկ տնտեսության հաջողություն:

-Հայ-ռուսական հարաբերութունների մասին խոսեցիք, այդ համատեքստում գազի գնի վերաբերյալ բանակցություններից ի՞նչ կարելի է սպասել:

-Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարը բավականին մշուշոտ է, որովհետև նույնիսկ ռուսական կողմը չէր ցանկանում երկկողմ հանդիպում կազմակերպել, և ստիպված հայկական կողմը խնդրեց, որ այդ հանդիպումը կայանա «Դվին» ռեստորանում, ինչը աննախադեպ էր, քանի որ սովորաբար ընդունող կողմը կառավարության շենքում է այդ հանդիպումները կազմակերպում և ոչ թե ռեստորանում: Սա նշանակում է, որ մեր հարաբերությունները իներցիոն բնույթ են կրում, իսկ երկու երկրների ղեկավարների հանդիպումները, այսպես ասած, ոտքի վրա հանդիպումներ են, ինչը շատ տխուր է երկու երկրների համար, որոնք համարվում են ռազմավարական դաշնակիցներ: