Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է. դատարանը թույլ չտվեց նրան մեկնել արտերկիր՝ բուժման

Մանրամասներ
երեմ

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 13-ին, պաշտպանները միջնորդել են դատարանին՝ թույլատրել, որպեսզի Խաչատրյանը մեկնի արտեկիր՝ բուժման։

Պաշտպանները հայտնեցին, որ նրա առողջական վիճակը վատթարացել է, եւ ողնաշարի վիրահատություն պետք է ունենա արտերկրում, նրանք նաեւ դատարան ներկայացրին առողջապահության նախարարությունից բերված տեղեկանք, ըստ որոնց՝ Խաչատրյանն ունի մի շարք հիվանդություններ: Մեղադրող կողմն էլ առարկեց` պնդելով, որ ՀՀ բժշկական հաստատություններում հնարավոր է բուժել Խաչատրյանի հիվանդությունները:

Դատարանը լսելով կողմերին՝ մերժեց միջնորդությունը։

Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Խաչատրյանը նախկինում մեկնել է արտեկիր բուժման եւ վերադարձել է Հայաստան, եւ ռիսկ չկա, թե այս անգամ նա կարող էր խուսափել գործի քննությունից։

Պաշտպանի խոսքով՝ Խաչատրյանի ողնաշարի խնդրից առաջացել են մի շարք այլ հիվանդություններ. «Այդ հիվանդությունները շարունակելու են առաջանալ, այդ մասին ասել են բժիշկները»։

Երեմ Սարգսյանը շեշտեց, որ եւ՛ դատարանը, եւ՛ մեղադրող կողմը կաշկանդված են. «Երբ նիստերից մեկի ժամանակ մենք միջնորդեցինք, որպեսզի Խաչատրյանը 12 օրով մեկնի արտերկիր, դատարանը բավարարեց մեր միջնորդությունը, եւ մի քանի ժամ անց դատախազը միջնորդեց, որ Խաչատրյանի նկատմամբ նաեւ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրվի, դատարանն առանց քննարկելու որոշում է ստորագրությունը խափանման միջոց ընտրել»։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։