Աղազարյան Հովիկը երազում է Մարս տեղափոխվել, միգուցե այնտեղ պատգամավոր կամ գյուղապետ ընտրվի․ Մարսում ապագա կա, ապագա․ Հեքիմյան

Մանրամասներ
հովիկ աղազարյան մասկ իլոն մասկ

Ինչու՞ և որտե՞ղ է շտապում Աղազարյան Հովիկը:

Ինչպես հայտնի է «Աղազարյան Հովիկ & Co»-ին կուսակցություն է հիմնել, անունը` «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն»: Կրճատ` ՄԱՍԿ:

Մի կողմ թողնենք Աղազարյան Հովիկի կուսակցության «յուրահատկությունները»: Մասնավորապես` ի՞նչ է նշանակում «միասնական», ու՞մ հետ է «միասնականանալու» Աղազարյան Հովիկը: Կամ` ի՞նչ է նշանակում «սահմանադրական կուսակցություն», արդյո՞ք կարող են «հակասահմանադրական կուսակցություններ» լինել:

Կարծում եմ` Աղազարյան Հովիկն այսօրինակ «մանրուքների» վրա ուշադրություն չի դարձնում, քանզի շտապում է: Իսկ որտե՞ղ է շտապում Աղազարյան Հովիկը:

Խնդիրը կուսակցության անվանման մեջ է: Վստահ եմ` Աղազարյան Հովիկի ՄԱՍԿ կուսակցությունն ամեն գնով փորձում է նույնականացվել Իլոն Մասկի հետ: Աղազարյան Հովիկը գիտի, որ Իլոն Մասկի կյանքի նպատակն է մինչև 2040թ Մարսի վրա 80 000 բնակիչ ունեցող բնակավայր կառուցել: Աղազարյան Հովիկը գիտակցում է նաև, որ շատերը կցանկանան Մարսում ապրել: Ամենայն հավանականությամբ, Աղազարյան Հովիկը նույնպես երազում է Մարս տեղափոխվել: Դա է վերջինիս շտապողականության պատճառը: Եվ, ո՞վ գիտի, միգուցե Մարսում տեղացիները Աղազարյան Հովիկին պատգամավոր կամ գյուղապետ ընտրեն:

Իսկ, մեզ մնում է միայն ողջունել Աղազարյան Հովիկի նախաձեռնությունը:

Մարսում ապագա կա, ապագա:

Կարեն Հեքիմյան