Դատավորների, անձերի փոփոխությունը ՀՀ-ում միշտ եկամտաբեր է եղել

Ա. Բադալյանը` Փաշինյանի հայտարարության մասին

Վարչապետի հայտարարությունը դատական համակարգի բարեփոխման հետ ընդհանրապես կապ չունի, դա ընդամենը դատավորների, անձերի փոփոխություն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: «Մեկ խամաճիկային դատական համակարգը պետք է փոխարինվի մեկ այլ խամաճիկային դատական համակարգով, որովհետև դատավորները որոշում կայացնելիս հիմնվելու են ոչ թե օրենքների և սահմանադրության վրա, այլ թե վարչապետը ինչ կմտածի»,- նշեց նա: Արմեն Բադալյանի կարծիքով՝ ներկա իշխանությունները ոչ միայն դատական, այլև մնացած ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հայեցակարգ չունեն: «Եթե դատական համակարգի բարեփոխման հայեցակարգ չկա, ապա ընդամենը դատավոր Պողոսյանին փոխարինում ենք դատավոր Պետրոսյանով: Սա ոմանց համար կարող է նաև եկամտաբեր գործընթաց լինել, դատավորներին փոխելու գործընթացը ՀՀ-ում միշտ եղել է եկամտաբեր: Կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ գալիս այստեղ»,- ասաց փորձագետը: Ինչ վերաբերում է դատարանների մուտքերը փակելու ակցիային մասնակցած քաղաքացիների թվին՝ մոտ 1100 մարդ, Արմեն Բադալյանը նշեց. «Այդ խիստ սահմանափակ թվով մարդկանց առկայությունը ցույց է տալիս, որ վարչապետի վարկանիշը շատ ավելի արագ է անկում ունենում, քան իրականում կա»:

- Պարոն Բադալյան, վարչապետի կոչով այսօր ժամը 8:30-ից մինչև 13:30-ը ՀՀ դատարանների մուտքերը փակվել էին քաղաքացիների կողմից: Ձեր կարծիքով՝ դատարանների մուտքերը փակելու կոչերը և դրան հետևած ակցիաները ի՞նչ քաղաքական պատճառներ ունեին:

- Այս որոշում կամ կոչը տեղի ունեցավ 2-րդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխելու որոշումից հետո: Բնականաբար, սա բավականին լավ փաստ է 2-րդ նախագահի փաստաբանների համար՝ ներկայացնել ՄԻԵԴ-ին և ցույց տալ, որ այս դատական գործընթացը ենթարկվում է քաղաքական ճնշումների և քաղաքական պատվեր է կատարվում: Ուղղակի գերազանց փաստ է ընդամենը վարչապետի ելույթը ներկայացնելը: Կարող ենք ասել, որ այսուհետև 2-րդ նախագահի նկատմամբ դատարանի կայացրած ցանկացած որոշում՝ լինի դա ի օգուտ, թե ի վնաս, դա ընկալվելու է որպես քաղաքական որոշում: Ռոբերտ Քոչարյանի շուրջ դատական գործընթացը որ սկսվեց, դա իրավական գործընթաց էր, որն ուներ քաղաքական երանգներ: Հիմա մենք կարող ենք ասել, որ դա քաղաքական գործընթաց է, որն ունի իրավական երանգներ: Կարծում եմ՝ այս ակցիաները նախադեպային կարող են լինել, հիմա ցանկացած դատական գործընթացի ժամանակ՝ անկախ նրանից դա քրեական է, թե քաղաքացիական գործ, դատական գործընթացի կողմերի ներկայացուցիչները կարող են շրջափակել դատարանը և պահանջել ժողովրդի ցանկությունից բխող որոշում:

- Բացի նախադեպային լինելուց, այլ ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել այս գործընթացը:

- Այստեղ մի շարք խնդիրներ կան, այդ գործողությունները որոշակի հարցեր առաջացրեցին: Առաջին հերթին՝ սահմանադրությամբ օրենսդիր, գործադիր և դատական մարմինները հավասար են և գործում են սահմանադրությամբ իրենց տրված լիազորությունների շրջանակում: Բնականաբար, տեսանք, որ գործադիր իշխանության ղեկավարի կոչով խափանվեց դատական համակարգի աշխատանքը: Քաղաքական տեսակետից մենք կարող ենք փաստել, որ տեղի ունեցավ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում և վերահսկողության տակ վերցնելու գործընթաց: Վարչապետի ելույթի կետերից մեկը վերաբերում էր նրան, որ բոլոր այն դատավորները, որոնց որոշումները բեկանվել են ՄԻԵԴ-ի կողմից, պետք է հրաժարական տան: Սա նշանակում է, որ բոլոր դատավորներն այսուհետ որոշումներ կայացնելիս պետք է առաջնորդվեն ոչ թե ՀՀ սահմանադրությամբ և համապատասխան օրենքներով, այլ մտածեն, թե այդ որոշումն ինչպես կընկալվի ՄԻԵԴ-ում: Նաև նկատենք, որ չնայած վարչապետի կոչին, դատարանների առջև մարդկանց թվաքանակը խիստ սահմանափակ էր:

- Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ-ի վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին արձագանքել է մոտ 1100 մարդ: Ինչի՞ մասին է խոսում այս թիվը:

- Այո, շատ սահմանափակ էր մարդկանց թիվը, դատարաններ կային, որ 20-30 հոգի մարդ էր ընդամենը մասնակցել փակման գործողություններին: Այս թիվը խոսում է այն մասին, որ վարչապետի վարկանիշը գնալով էական անկում է ունենում: Վերջերս հրապարակված սոցիոլոգիական հարցումը, ըստ որի՝ 84 տոկոսը հավանում է վարչապետի գործունեությունը կամ նրա աշխատանքի ոճը, չի համապատասխանում իրականությանը: Այդ խիստ սահմանափակ թվով մարդկանց առկայությունը ցույց է տալիս, որ վարչապետի վարկանիշը շատ ավելի արագ է անկում ունենում: Երկրորդ՝ հասարակության մեծ մասը՝ գիտակցելով, որ դա ճիշտ քայլ չէ, չհամաձայնեց արգելափակել դատական համակարգը և չմասնակցեց այս գործողություններին: Եվ երրորդ՝ վարչապետի ասածն արդեն նշանակություն չունի հասարակության մի զգալի մասի համար:

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ներկա իշխանությունները այս մեկ տարվա ընթացքում դատական համակարգում բարեփոխումների չգնացին, և նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկի» մասին:

- Սա երրորդ փուլն է հեղափոխության, երկրորդը տնտեսական հեղափոխությունն էր, որը իրականություն չի դառնում: Այնուամենայնիվ, վարչապետի ելույթում դատական համակարգի բարեփոխման մասին խոսք չկա: Անցումային արդարադատությունը դատական համակարգի բարեփոխումներից չէ, որի մասին խոսվում է, դատական համակարգի բարեփոխումը շատ ավելի լայն հայեցակարգ է: Անցումային արդարադատությունն ընդամենը մի քայլ է, որը դժվար է ասել՝ դատական բարեփոխումների վեկտորում տեղավորվո՞ւմ է, թե՞ ոչ: Բարեփոխումը լրիվ այլ է, բարեփոխման ժամանակ պետք է քննարկվի՝ եռաստիճան դատական համակարգը մնալո՞ւ է, թե՞ ոչ, դատախազությունը, քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն ի՞նչ կարգավիճակ պետք է ունենա կամ կոռուպցիոն ունիվերսալ մարմին պե՞տք է լինի, թե՞ ոչ և համապատասխան ի՞նչ օրենքներ պետք է փոխվեն: Սա է բարեփոխումը, վարչապետի ասածը բարեփոխման հետ ընդհանրապես կապ չունի, դա դատավորների, անձերի փոփոխություն է: Մեկ խամաճիկային դատական համակարգը պետք է փոխարինվի մեկ այլ խամաճիկային դատական համակարգով, որովհետև դատավորները որոշում կայացնելիս հիմնվելու են ոչ թե օրենքների և սահմանադրության վրա, այլ՝ վարչապետը ինչ կմտածի: Սա պրոբլեմ կլինի, որովհետև դատական գործընթացի մեջ ներգրավված մարդիկ կորոշեն ոչ թե հավատալ դատավորին, այլ կփորձեն վարչապետի կամ «Իմ քայլի» հարց լուծողների վրա ներգործել, որպեսզի իրենց համար ցանկալի որոշում կայացվի:

Ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում բարեփոխումներ չէին կատարվում` որովհետև վարչապետը և իր թիմը ցանկություն չունեն որևիցե բարեփոխում իրականացնելու: Նրանք ընդամենը վերցրել են իշխանությունը նախկին համակարգից. այո՛, կազմալուծել են քրեաօլիգարխիկ համակարգը, բայց իրենք երկրի զարգացման վեկտոր չունեն: Անցած մեկ տարին ցույց տվեց, որ ոչ միայն դատաիրավական համակարգում, այլև կյանքի որևիցե բնագավառի վերաբերյալ նրանք զարգացման, բարեփոխումների հայեցակարգ չունեն: Դա վերաբերում է և՛ կրթությանը, և՛ տնտեսությանը, և՛ մնացած ոլորտներին: Ընդհանրապես, մեկ տարվա սպասելու խնդիր չկար, որովհետև եթե դու դատական համակարգի բարեփոխման հայեցակարգ չունես, ապա ընդամենը դատավոր Պողոսյանին փոխարինում ենք դատավոր Պետրոսյանով: Սա ոմանց համար կարող է նաև եկամտաբեր գործընթաց լինել, դատավորներին փոխելու գործընթացը Հայաստանում միշտ եղել է եկամտաբեր: Կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ գալիս այստեղ: