Վենեսուելայի իշխանությունները Հիմնադիր ժողովի մասնակցությամբ ծրագրում են «հայրենիքի դավաճանների» դեմ հակահարձակում սկսել, որ նրանք «ըստ արժանվույն ստանան», հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք Ազգային հիմնադիր ժողովի հետ միասին ակտիվացնում ենք հակահարձակումը՝ մեր ամբողջ լիազորությամբ եւ ըստ արժանվույն կհատուցենք նրանց, ովքեր հայրենիքը վաճառում են, հայրենիքի դավաճաններին: Նրանք ճակատամա՞րտ են ցանկանում: Եկեք մարտնչենք, մենք պատրաստ ենք»,- պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է պետության ղեկավարը:
Մադուրոն ելույթ է ունեցել գործնականում անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Վենեսուելայի կառավարության ներկայացուցիչները չեն գնալու Բարբադոս ընդդիմության հետ բանակցությունների՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից երկրի տնտեսության արգելափակման, նաեւ այն պատճառով, որ ընդդիմությունն ակտիվորեն աջակցում է ԱՄՆ այս որոշմանը:
«Ամերիկյան իմպերիալիզմն այս շաբաթ խելագարվել է եւ դաշույնը խրել Վենեսուելայի սրտի մեջ, իսկ սրանք (ընդդիմությունը) տոնում ու ծափահարում են»,- ասել է նախագահը:
Երեքշաբթի Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ԱՄՆ իրավազորության շրջանակում Վենեսուելայի իշխանությունների ակտիվների արգելափակման մասին՝ այդ ցուցակում ներառելով երկրի Կենտրոնական բանկն ու PDVSA պետական նավթային ընկերությունը: Դրանից բացի, հրամանը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել արտասահմանցիների դեմ, որոնք աջակցություն, ապրանքներ կամ ծառայություններ են տրամադրում պատժամիջոցների ենթակա ցանկացած անձի, ներառյալ Վենեսուելայի իշխանություններին:
Հունվարի 21-ին Վենեսուելայում զանգվածային ցույցեր էին սկսվել նախագահ Մադուրոյի դեմ՝ նրա երդմնակալությունից հետո կարճ ժամանակ անց: Ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն իրեն ապօրինի հռչակել էր պետության ժամանակավոր ղեկավար: ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի մի շարք երկրներ հայտարարել էին Գուայդոյին ճանաչելու մասին: Մադուրոն իր հերթին խորհրդարանի ղեկավարին անվանել էր ԱՄՆ խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք երկրներ Մադուրոյին աջակցել էին որպես լեգիտիմ նախագահի: Մոսկվայում Գուայդոյի «նախագահական կարգավիճակը» գոյություն չունեցող էին անվանել:
0Comments