Ավստրիայի ԱԳ նախկին նախարարը պատմել է, թե ինչպես է Պուտինին հրավիրել իր հարսանիքին

Ձեռքիս մեկ հրավիրատոմս էր մնացել, եւ ես ամուսնուս հարցրեցի՝ ի՞նչ կարծիքի է, եթե վերջինը տանք Պուտինին, որ նրա հետ կիսենք ուրախությունը

Ավստրիայի ԱԳ նախկին նախարար Կարին Կնայսլը պատմել է այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնել իր հարսանիքի հրավերքը: Այսօր ավստրիական Puls 4 հեռուստաալիքի հետ հարցազրույցում նա հայտնել է, որ դա տեղի է ունեցել 2018 թվականի հունիսին Վիեննա ռուս առաջնորդի այցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով՝ Ավստրիա հարսանյաց հանդեսին Պուտինին հրավիրելու հետ կապված պատմությունը պատահական իրադարձությունների հերթագայության մի օղակ էր, եւ ոչ մի սառը հաշվարկ չկար: Հարսանիքի հրավիրատոմսերը տպարանից հասցվել են ճիշտ նույն օրը, երբ Վիեննայում Պուտինին ընդունում էր Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը: 2018 թվականի հունիսի 5-ին երկուսն էլ Արվեստների պատմության թանգարանում ցուցահանդեսն էին բացում: Կնայսլը այդ հանդիսավոր միջոցառմանը գնալիս հետն էր վերցրել հրավիրատոմսերի կույտ, որպեսզի բաժանի Ավստրիայի կառավարության իր գործընկերներին:

«Ձեռքիս մեկ հրավիրատոմս էր մնացել, եւ ես ամուսնուս հարցրեցի՝ ի՞նչ կարծիքի է, եթե վերջինը տանք Պուտինին, որ նրա հետ կիսենք ուրախությունը: Չէ՞ որ դա ինչ-որ զավեշտալի բան է. մենք 50-ն անց ենք եւ առաջին անգամ ենք ամուսնանում,- նշել է Կնայսլը: - Այդ ժամանակ մենք մոտեցանք Պուտինին, նրան տվեցինք բացիկը, ես մտքովս իսկ չէի անցկացնում, որ ուղիղ հուլիսի 18-ին, ինչպես նշված էր հրավիրատոմսի վրա, նա կհամաձայնվի օգոստոսի 18-ին գալ: Նա համաձայնվեց»: Կնայսլի խոսքով՝ իր համար միանգամայն անսպասելի էր, որ Պուտինի կընդունի հարսանիքի հրավերքը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի հունիսի 5-ին մեկօրյա այցով Վիեննայում էր, որտեղ բանակցություններ է վարել Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենի եւ նախկին դաշնային կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ: Պուտինը Վան դեր Բելենի հետ նույն երեկոյան Վիեննայում Արվեստների պատմության թանգարանում բացել է «Էրմիտաժի հին վարպետների կտավները» ցուցահանդեսը:

Օգոստոսի 18-ին Պուտինն այցելել էր Կնայսլի եւ ֆինանսիստ Վոլֆգանգ Մայլինգերի հարսանյաց հանդիսությանը ավստրիական Շտիրիա հողում, երբ վերադառնում էր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից: Ռուսաստանի նախագահը նորապսակներին էր նվիրել նկար, յուղաքամիչ սարք եւ Տուլայի ինքնաեռ, ինչպես նաեւ իր հետ էր բերել Կուբանի կազակական երգչախումբը: