ՀՀ դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի վերաբերյալ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) դիմումին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ գրությունը ստացվել է, և օրենքով սահմանված կարգով իրականացվում է ուսումնասիրություն։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
ԿԳՄՍՆ-ն դիմել էր ՀՀ դատախազություն՝ հիմնվելով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության վրա։ Ըստ կենտրոնի՝ «Կայսրության թևեր» ֆիլմը պարունակում է անչափահասների սոցիալական վարքին բացասական ազդեցություն ունեցող տարրեր։ Մասնավորապես, ֆիլմի դիտումը կարող է նպաստել ծխախոտի օգտագործման, անհարգալից վերաբերմունքի, ինչպես նաև քրեական ենթամշակույթի տարրերի ընդօրինակման: Բացի այդ, ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը և նրանց մասնակցությունը համարել են խիստ մտահոգիչ։
Նախարարությունը, հղում անելով «Երեխաների իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի դրույթներին, ընդգծել է, որ արգելվում է երեխայի առողջության և դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող բովանդակության տարածումը։
0Comments