Հայաստանում հանցավոր կազմակերպությունն ավելի քան 1400 քաղաքացուց շուրջ 810 միլիոն դրամ է հափշտակել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, փողերի լվացում կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան:
Պարզվել է, որ Հ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացիներ Ի.Գ.-ի, Ե.Մ.-ի, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ, տևական ժամանակ կատարել է համակարգչային հափշտակություններ, փողերի լվացում և կազմակերպել է կեղծ ձեռնարկատիրության հետ կապված հանցագործություններ:
2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը Հ.Թ.-ն հավաքագրել և հանցավոր կազմակերպությունում ներգրավել է տասնյակ անդամների, այդ թվում՝ անչափահասների։ Նրանք հեռախոսազանգերի միջոցով կապ են հաստատել օտարերկրյա քաղաքացիների հետ, առաջարկել ներդրումներ կատարել գոյություն չունեցող ֆինանսական հարթակներում, ուղղորդել գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:
Դուրս են գրվել հարկային կեղծ հաշիվներ և ոչ միայն: Պարտավոր լինելով հաշվարկել և վճարել եկամտային հարկ և սոցիալական վճարներ՝ վերոնշյալ անձինք վճարումների մեծ մասը կատարել են առձեռն` պետությանը պատճառելով 127 միլիոն 118 հազար դրամի վնաս:
Հ.Թ.-ն հանձնարարել է նաև կազմել և իրավասու մարմիններ ներկայացնել իբրև ՍՊԸ-ների կողմից ծառայություններ մատուցելու և դրանց արդյունքում արտերկրից գումարներ ստանալու վերաբերյալ կեղծ պայմանագրեր, հաշվետվություններ՝ օրինական տեսք հաղորդելով (լվանալով) ընկերությանը փոխանցված 533 միլիոն 241 հազար դրամին:
2024 թվականի հունվարի 16-ին Հ.Թ.-ն ձերբակալվել է․ նրա մոտ հայտնաբերվել է խոշոր չափերի մեթամֆետամին:
2024 թվականի հունվարի 11-ին Հ.Թ.-ի և հանցակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով` անչափահասի ներգրավմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը, առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից համակարգչային հափշտակությունը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը, առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից փողերի լվացումը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի։
0Comments