Ճանաչված հայ ֆուտբոլիստ, ХХ դարի լավագույն ռմբարկու Խորեն Հովհաննիսյանի 70–ամյա հոբելյանի կապակցությամբ Sputnik Արմենիան ներկայացնում է մի քանի հետաքրքիր դրվագ նրա կյանքից։
Խորեն Հովհաննիսյանը դեռ քսան տարեկան էր ու, բնականաբար, ոչ այնքան հայտնի, երբ մասնակցեց «Արարատ»-«Բավարիա» հանդիպմանը։ Անմոռանալի խաղի 64-րդ րոպեին Խորենը փոխարինեց փոքր-ինչ հոգնած Նիկոլայ Ղազարյանին։ Դեբյուտը խորհրդանշական էր։ Քչերին է հաջողվում առաջին անգամ հայտնվել հիմնական կազմում աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի դեմ խաղի ժամանակ։ Այդպիսի սկիզբը պարտավորեցնող էր, Հովհաննիսյանը պետք է մեծ ֆուտբոլիստ դառնար, ու նա լիովին կատարեց իր պարտականությունը։
ԽՍՀՄ համապետական հեռուստատեսության կենտրոնական ալիքով ցուցադրվող «Ֆուտբոլային տեսություն» հաղորդաշարը մի խորագիր ուներ, որում որոշվում էր ամսվա ու տարվա, առաջնությունում և երկրի գավաթի խաղարկման ժամանակ խփած լավագույն գոլը։ Այս խաղից կարճ ժամանակ անց, գրեթե ամեն ամիս լավագույնն էին ճանաչվում Խորեն Հովհաննիսյանի գոլերը։
Հեղինակավոր World Soccer պարբերականը Հովհաննիսյանին ճանաչել էր լավագույն խորհրդային կիսապաշտպան։ Բելգիացիների դարպաս ուղարկած տպավորիչ գոլից հետո Հովհաննիսյանին ամերիկյան «Կոսմոսից» ներկայացուցիչներ էին մոտենում, հորդորում, որ նա փոխարինի երկու տարի առաջ այդ թիմից հեռացած Պելեին։ Խորենին այն ժամանակների համար բավականին հեռանկարային համագործակցություն էր սպասում, սակայն այդ տարիներին ԽՍՀՄ-ից ԱՄՆ մեկնելն այնքան էլ հեշտ չէր, գրեթե անհնար էր։ Հովհաննիսյանը, իհարկե, հրաժարվեց։
Խորեն Հովհաննիսյանի խաղը. Մոսկվա 1983թ.. Արխիվային լուսանկար
Հենց Խորեն Հովհաննիսյանի շնորհիվ էր, որ 1970-ականների վերջին բարձրագույն լիգայում վերջին տեղերում հայտնված և հնարավոր ու անհնար միջոցներով լիգայից դուրս չմնալու համար պայքարող «Արարատի» անունը 1980-ականների սկզբին մրցակցային աղյուսակի ստորին հորիզոնականներից վերև բարձրացավ։
Խորեն Հովհաննիսյանն ինքն էլ չի սիրում հիշել՝ ինչպես ձախողեցին իր առաջխաղացումը ֆուտբոլի ոլորտում, թույլ չտվեցին, որ նա այդուհետ էլ շարունակի խաղալ հարազատ «Արարատում»։ Թե ինչու հայկական ֆուտբոլը թողեցին առանց առաջատար խաղացողի, մինչև այժմ հայտնի չէ, միայն վարկածներ կան։ Սակայն զերծ մնանք դրանք վերլուծելուց և անդրադառնանք փաստերին։
Այսպիսով՝ շատերին սկսել էր նյարդայնացնել այն, որ Հովհաննիսյանը մարզումների էր գնում ձյունաճերմակ «Մերսեդեսով»։ Հովհաննիսյանին այդ մեքենան Արգենտինայում էին նվիրել, այնտեղի հայկական համայնքից էր ստացել, երբ նա ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում մասնակցում էր Հարավային Ամերիկայում ընթացող ընկերական խաղերին։ Եվ ի՞նչ պետք է աներ նա այդ մեքենան, թաքցնե՞ր ավտոտնակում։ Իհարկե, պետք է քշեր։
Խորիկին մեղադրեցին, թե իբր նա դիտավորյալ տանուլ է տվել «Նեֆտչիի» հետ խաղը, վաճառել է այն։ Ոչ ոք այդպես էլ խելամիտ բացատրություն չտվեց, թե նրա ինչին էր դա հարկավոր, ինչ շահ ուներ դրանից։ Դրանից հետո Հովհաննիսյանը մեկնեց Մոսկվա՝ Կոնստանտին Բեսկովի մոտ, որը վաղուց նրան հրավիրում էր «Սպարտակում» խաղալու։ Բայց նույնիսկ Բեսկովի ու համամիութենական ֆեդերացիայի աջակցությունը չօգնեցին նրան։ Հավանաբար այս գործում շատ ավելի զորեղ ու ազդեցիկ ուժեր էին ներգրավված։
Հովհաննիսյանին այլ բան չէր մնում, քան ընդունել «Իսկրա» գործարանային թիմը որպես խաղացող մարզիչ ղեկավարելու հրավերը։ Երկու տարի անց հաղթելով հանրապետության առաջնությունում` թիմը ներառվեց խորհրդային երկրորդ լիգայում։ Հովհաննիսյանին միանգամից առաջարկություն արվեց գլխավորել Աբովյանի «Կոտայքը», որը ԽՍՀՄ առաջին լիգայում ներկայացնում էր Հայաստանը, իսկ ավելի ուշ՝ նաև Երևանի «Արարատը»։ Սակայն Հայկական ԽՍՀ Սպորտկոմիտեի նախագահը կտրականապես դեմ էր երկու առաջարկներին էլ։
Հովհաննիսյանն իր ֆուտբոլային կարիերան ավարտեց 1991 թվականի մայիսի 13-ին, երբ Տաշքենդում Կիևի «Դինամոյի» հետ խաղի 84-րդ րոպեին վնասվածք ստացավ։
Վիրահատությունից հետո Խորեն Հովհաննիսյանը ստիպված էր հրաժեշտ տալ մարզական կարիերային։ 2005 թվականին Խորեն Հովհաննիսյանը ճանաչվեց ХХ դարի լավագույն հայ ֆուտբոլիստ։
0Comments