«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց այս պահին չի քննարկվում։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Նշենք, որ Հովիկ Աղազարյանի պաշտպան փաստաբան Հակոբ Ճարոյանը լրատվամիջոցնեին ասել է, որ հավանաբար հունվար 20-ին գլխավոր դատախազը կգնա Ազգային ժողով՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, դրանից հետո կկալանավորեն կամ տնային կալանքի կենթարկեն։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա, Հովիկ Աղազարյանի վերաբերյալ նախաձեռնել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցանքի հատկանիշները )։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Դրանից հետո Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
0Comments