Հայաստանը գտնվում է շատ ծանր վիճակում․ Ախ քարտուղար

Մանրամասներ

Հայաստանը գտնվում է շատ ծանր վիճակում, անվտանգային այն մեխանիզմները, որոնք իբրև պիտի մեզ պաշտպանեին, հիմա չեն աշխատում, և Հայաստանը հիմա փորձում է նոր երաշխիքներ գտնել, անվտանգության նոր երաշխիքների փնտրտուքների մեջ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Իհարկե մեզ մեղադրում են Արևմուտք գնալու մեջ, բայց մենք ինտենսիվ համագործակցում ենք Հնդկաստանի հետ։ Մենք համագործակցում ենք տարբեր ուղղություններով՝ մեր անվտանգային խնդիրները լուծելու առումով»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Ըստ Գրիգորյանի՝ Ռուաստանի Դաշնությունը քաղաքական մակարդակով չի ասում, որ չի կարող Հայաստանի համար անվտանգային խնդիրներ լուծել։

Դիտարկմանը, որ Ռուսաստանին այլընտրանք չկա և հարցին՝ եթե այլընտրանք չկա, ավելի լավ չի՞ Արևմուտքին դուրս մղել, ավելի պրոռուսական լինել, և գոնե փորձել այդ վատի մեջ հնարավոր լավը պոկել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ես կփորձեմ այդ հարցի պատասխանը տալ․․․ Մի քիչ հետ գնալ, Սերժ Սարգսյանի կառավարման փորձից մի դրվագ հիշել ու փորձել այս հարցին պատասխանել»։

«2013 թվականին Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին, գլխավոր պատճառներից մեկը որպեսզի Արցախում անվտանգություն ունենանք։ Հայաստանը մտնում է ԵԱՏՄ, 3 տարի հետո լինում է ապրիլյան պատերազմը, 6 տարի հետո՝ 44-օրյա պատերազմը։ Խնդրեմ, սրանք պատասխանն են Ձեր հարցի»,- ասաց ԱԽ քարտուղարը։