Ալիևի շուրջն ամեն ինչ փլուզվում է. նա չի կարող սպասել

Մանրամասներ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուսական առաջարկների հիման վրա «խաղաղության պայմանագիր» կնքելու Փաշինյանի մտադրությունը, ասել է, որ «Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մշակման հարցում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին ապավինելու Երևանի համաձայնությունը, որն ամրագրված էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ, արմատապես փոխեց բանակցային գործընթացի տրամաբանությունը»։

«Ալմա-Աթայի հռչակագրով հաստատվել է Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։ Իհարկե, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում», ասել է Զախարովան։

Պրահայում, սակայն, մեկ այլ որոշում էլ է ընդունվել՝ ԵՄ դիտորդներ ուղարկել «հայ-ադրբեջանական սահման»: Դիտորդները Հայաստան են ժամանել Մոսկվայի և Բաքվի ցանկությանը հակառակ, առանց Երևանի պաշտոնական հրավերի։ Այժմ Հայաստանում է ԵՄ պատվիրակությունը՝ քննարկելու առաքելության երկարաձգման հարցը, և Ալիևի հայտարարությունները Փաշինյանի հետ համաժամանակյա ասուլիսի ժամանակ ցույց են տալիս, որ եվրոպացի դիտորդների տեղակայման որոշումն է փոխել «բանակցային գործընթացի տրամաբանությունը»։ Ակնհայտ է դարձել, որ ամեն ինչ չէ, որ եռակողմ ձևաչափով է որոշվում, և կան ուժեր, որոնք կարող են «միջամտել» և «փոխել տրամաբանությունը»։

Ալիևն ասել է, որ անկեղծորեն հույս ուներ մինչև անցյալ տարեվերջ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրել։ Զախարովան նույնն է ասում՝ նշելով, որ «2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ։ Բայց Հայաստանի ղեկավարությունն էր, որ վերջին պահին չեղյալ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Միրզոյանի այցը։ Սա խանգարեց խաղաղության պայմանագրի քննարկմանը»։

«Նրանք ամեն ինչ անում են, որ Ղարաբաղի հարցը խցկեն խաղաղության պայմանագրի մեջ և, ըստ էության, արգելափակեն բանակցությունները։ Իսկ այն, որ որոշ իրադարձությունների պատճառով նրանք անտեսել են Մոսկվայում արտգործնախարարների հանդիպումը, ընդհանուր առմամբ անընդունելի է»,- ասել է Ալիևը։

Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «չկա մի երկիր, որը չճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», որ ինքը չի դիմում ՄԱԿ-ին՝ խաղաղապահներ ուղարկելու համար, քանի որ «դա կլինի քայլ Ռուսաստանի դեմ», եւ ինքը պատրաստ է բանակցել «ռուսական պլանի համաձայն»։ Բաքուն, Մոսկվան եւ Երեւանը ցանկանում են «խաղաղության պայմանագիր» կնքել, սակայն ինչ-որ բան լրջորեն խանգարում է դրան։

Ալիևն ասում է, որ այս տարի «խաղաղության պայմանագիր» կնքելու վերջին հնարավորությունն է, քանի որ շուտով կգա 2025 թվականը, ռուս խաղաղապահները կհեռանան, և սահմանները կանցնեն այնտեղով, որտեղ «կասի Ալիևը»։

Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու Ալիեւը չի ցանկանում հանգիստ սպասել մինչեւ 2025 թվականը՝ սահմանները գծելու այնտեղ, որտեղ ուզում է։ Ինչի՞ց է վախենում Ալիևը. Թուրքիայում նախագահի ընտրությունների՞ց, գործընթացների՞ց՝ կապված Ռուսաստանի և ուկրաինական պատերազմի հետ, նոր աշխարհակարգի՞ց, որտեղ եռակողմ դավադրությունը չի լինի։

Եռակողմ պայմանավորվածությունները վաղուց չկան, և դա լավ գիտեն Բաքուն և Մոսկվան։ Բավական է, որ Երեւանը պաշտոնապես հայտարարի այդ մասին՝ հրավիրելով ԵՄ դիտորդներին ու ՄԱԿ-ի խաղաղապահներին, եւ «բանակցությունների տրամաբանությունն» իսկապես կփոխվի։ Պաշտոնական Երեւանը սակայն սպասարկում է Մոսկվայի ու Բաքվի շահերն ու ծրագրերը։

Սկզբնաղբյուր