Պեմզաշենի տներից մեկում հայտնաբերվել են մոր և երկու անչափահաս երեխաների դիեր՝ կտրող-ծակող վերքերով

Մանրամասներ
ա

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել են երեք դիեր՝ մայրն իր  երկու անչափահաս երեխաների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որի բնակիչները չէին արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։ Դեպքի վայր ժամանած  փրկարարները բացել են տան դուռը  և հատակին հայտնաբերել  3 դի:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր: «Նախնական տվյալներով՝ սպանությունները կատարվել են սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Երեք դիերի դեպքում էլ այդպես է: Նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանություն, անչափահասի սպանություն հատկանիշներով: Այս պահին դեպքի վայրում ակտիվ աշխատանքներ են իրականացվում օպերատիվ քննչական մարմինների կողմից»,-նշեց դատախազը: Դատախազության տեղեկություններով՝ ընտանիքի հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ: «Կա տեղեկություն, որ հայրը երկրում չէ, բայց այս պահին ամեն ինչ ստուգվում է»,-նկատեց դատախազն՝ ընդգծելով, որ այս պահին նաև հստակ չէ, թե դեպքը կոնկրետ երբ է տեղի ունեցել:

«Մայրն աշխատել է Արթիկի հիվանդանոցում: Ըստ նախնական տվյալների՝ գործընկերներն, անհանգստանալով, որ աշխատանքի չի եկել, փորձել են հարևաններից ճշտել: Հարևաններն էլ, երբ տեսել են, որ տան դուռը չեն բացում, ահազանգել են  911»,- մանրամասնեց Գուրգեն Գրիգորյանը: