Օտարերկրյա քաղաքացիները և օտարերկրյա պետությունների բնակիչները կարող են Հայաստանից երեխաներ որդեգրել միայն հավատարմագրված կազմակերպությունների միջոցով: ՀՀ Ընտանեկան օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացվեց այսօր խորհրդարանի լիագումար նիստում:
Ինչպես նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը, նախագիծը բխում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» միջազգային կոնվենցիայից, որին ավելի վաղ միացել էր Հայաստանը:
5 տարվա ընթացքում կազմակերպությունը պարտավոր է ՀՀ արդարադատության նախարարությանը փոխանցել երեխայի՝ որդեգրող ընտանիքում պահման պայմանների մասին տվյալներ (նման ժամանակահատվածն օրենսդրությամբ նախատեսված է օտարերկրյա ընտանիքների համար– խմբ․):
Նախարարությունը կարող է ներկայացուցչությունից հետ կանչել հավատարմագրված կազմակերպության աշխատանքի թույլտվությունը, եթե նրա աշխատակիցները թույլ են տվել նշված կոնվենցիայի կամ որդեգրման ոլորտում ՀՀ օրենսդրության խախտումներ կամ կեղծել են որդեգրող ընտանիքների հաշվետվությունները:
Ստեփանյանի խոսքով՝ այս պահին ՀՀ մանկատներում խնամքի տակ է 366 անչափահաս: Նրանց գերակշռող մասը ծանր և բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներ են։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ միջինում որդեգրվում է 25 երեխա: Միջազգային որդեգրումները 1–ը կամ 2-ն են լինում, և հիմնականում միջազգային որդեգրման գնում են այն երեխաները, որոնք ունեն որոշակի առողջական խնդիրներ։
Պատգամավորներն այս համատեքստում նաև հետաքրքրվեցին, թե ինչ փուլում է 2019 թվականին հարուցված ապօրինի որդեգրման գործը։ Փոխնախարարը խնդրեց հարցը վերահասցեավորել քննչական մարմիններին՝ տեղեկացելով, որ դատական գործընթացը դռնփակ է իրականացվում։