Հնարավոր է` Հայաստանում սահմանափակվի ոստիկանական համազգեստի վաճառքը կողմնակի անձանց։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով ոստիկանության ծառայողների ծառայողական էթիկայի օրենսգրքի նախագիծը և պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնցում ՆԳՆ-ի հետ կապ չունեցող մարդիկ են հայտնվում ոստիկանական համազգեստով, ինչը վնաս է հասցնում գերատեսչության հեղինակությանը:
«Նման միջադեպերից խուսափելու համար գուցե արժե արգելել համազգեստի ազատ վաճառքը։ Մենք պատրաստ ենք համապատասխան օրինագիծ մշակել», - ասաց նա։
Մկրտչյանը պարզաբանեց, որ համազգեստի վաճառքը թույլատրված է, որպեսզի ոստիկաններն անհրաժեշտության դեպքում կարողանան մաշված համազգեստի փոխարեն նորը գնել: Նա հնարավոր համարեց նոր կանոնների մշակումը, որոնք թույլ կտան ապահովել աշխատակիցների կարիքները` միաժամանակ բացառելով նման չարաշահումները: