Ամերիկյան ընտանիքների կեսից ավելին համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա քաղաքականությունն են մեղավոր իրենց ֆինանսական դժվարությունների համար։ Դրա մասին են վկայում Century Foundation վերլուծական կենտրոնի պատվերով Morning Consult խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման արդյուքները։
«Ամերիկյան տնային տնտեսությունները բախվում են տնտեսական դժվարությունների, և հարցվածներից տասից վեցը համարում է, որ Դոնալդ Թրամփն է իրենց ամենօրյա ծախսերի աճի պատճառը»,- ասված է հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում։
Ըստ հարցման արդյունքների՝ հարցվածների 61%-ը նշել է, որ Թրամփի քաղաքականությունը բացասաբար է ազդել իրենց ամենօրյա ծախսերի վրա։ 29%-ը հակառակ կարծիքի է, 10%-ն էլ դժվարացել է պատասխանել։
Բացի դրանից, ամերիկացիների զգալի մասն իրենց կենսապայմանների վատթարացման համար մեղադրում է միլիարդատերերին, խոշոր կորպորացիաներին և Կոնգրեսի հանրապետական անդամներին։ Վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքացիների ավելի քան 40%-ը ստիպված է եղել օգտագործել իր խնայողությունները, իսկ 37%-ը սկսել է ավելի հաճախ օգտագործել վարկային քարտեր։ Շատերը վարկեր են վերցրել՝ հաշիվները վճարելու համար, և չորսից մեկը խոստովանել է, որ ինքը կամ իր ընտանիքի անդամներից մեկը բաց է թողել ճաշը՝ գումար խնայելու համար։
Հարցումն անցկացվել է առցանց՝ 2025 թվականի հունիսի 5-9-ը, 2007 գրանցված ընտրողների շրջանում։ Սխալի սահմանը մոտ ±2 տոկոսային կետ է։