Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Աբրահամյանը հայտարարել է, որ կօգտագործի իր հնարավորությունները 2026 թվականի խորհրդարանի ընտրությանը բոլոր առողջ ուժերին միավորելու համար: Դե, «պաշտոնական բացատրությունն» այն է, որ այդ կերպ նա փորձելու է նպաստել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը:
Իսկ դե ֆակտո, միավորելով բոլոր «առողջ ուժերին», ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը ընդամենը կարող է միայն նպաստել Նիկոլ Փաշինյանի էլեկտորալ խնդիրների լուծմանը:
Որովհետև, ինչպես այլ առիթով ասել եմ, արաաբրահամյանները, մարգարիտսիմոնյանները, սոլովյովները, այլ «յաներն» ու «ովերը» Նիկոլ Փաշինյանի համար խնդիր կարող են ստեղծել երկու դեպքում՝ նվազագույնը, եթե մոռանան նրան, և առավելագույնը՝ եթե անցնեն նրան գովելու:
Իսկ որքան նրանք ակտիվ են Նիկոլ Փաշինյանի «դեմ», այնքան պարզապես նպաստում են Փաշինյանի տեղեկատվա-քարոզչական նարատիվների «հիմնավորմանը»:
Իսկ ես ամենևին այն կարծիքին չեմ, որ Արա Աբրահամյանը, Մարգարիտա Սիմոնյանը, Սոլովյովը կամ որեւէ այլ մեկը հիմար են ու չեն հասկանում իրերի այդ դրությունը»: