Պարադոքսալ է, որ պատերազմ բերած մարդը խոսում է խաղաղության մասին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«2018–ին նա խաղաղությունից չէր խոսում, որովհետեւ կար խաղաղություն, բայց չկար խաղաղության օրակարգ։ Երբ խաղաղություն չի լինում, հայտնվում է խաղաղության օրակարգ։ Ինքը բերել է պատերազմ, ինքը իր գործողություններով, 5 հազար զոհերով և 11 հազար վիրավորներով ծնել է խաղաղության օրակարգ։
Աբսուրդը նրա մեջ է, որ ինքը փորձում է այդ օրակարգի հեղինակը լինել և մենաշնորհը ունենալ այդ օրակարգի վրա։ Մենք պետք է ցույց տանք, որ դա բացարձակ սուտ է, չկա այդպիսի բան»,–ասաց նա։
Հոկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 14:50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա՝ «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ այդ պահին դեպքի մասին տեղեկություններ հայտնել:
Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 15-ամյա տղա է, իսկ նրա հարազատները հայտնել են, որ նա Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում գլուխը պատահաբար հարվածել է դռանը, ինչի հետևանքով վնասվածք է ստացել:
Ոստիկանները, սակայն, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ ծնողների հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
Ֆրանսիայի վարչապետի պաշտոնից Սեբաստիեն Լեկորնյուի հրաժարականից հետո ֆրանսիացիների մեծամասնությունը պահանջում է նաև երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը, գրում է Le Figaro-ն։
Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 53%-ը քվեարկել է Մակրոնի հրաժարականի օգտին, 26%-ը՝ Ազգային ժողովի լուծարման և վաղաժամկետ ընտրությունների անցկացման օգտին, իսկ 20%-ը՝ նոր վարչապետի նշանակման օգտին։
Ընդ որում հարցմանը մասնակցածների կոնկրետ թիվը չի նշվել։
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, նոր կառավարության կազմի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց, վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրաժարական է տվել։
Մայր Թերեզա է աշխատում, բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին:
«Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդու՝ Ալիևի տրամադրությունից: Այդ փաստաթղթերում և ընդհանրապես ոչ մի տեղ չկան երաշխիքներ, երաշխավորներ, մեխանիզմներ և խախտելու դեպքում ինչ է կատարվելու: Ավելի ճիշտ, ոչ թե խաղաղություն, այլ կա զինադադար՝ մեկ մարդու տրամադրությունից կախված»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Փի Դիդդին (իսկական անունը՝ Շոն Քոմբս) իրենից ներում է խնդրել։
Նախագահը մանրամասներ չի ներկայացրել, մասնավորապես՝ արդյոք պատրաստ է ներում շնորհել երաժշտին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Նյու Յորքի դատարանը Քոմբսին դատապարտել է ավելի քան 4 տարվա ազատազրկման՝ մարմնավաճառության նպատակով մարդկանց տեղափոխելու համար: Քոմբսի պաշտպանական կողմը պահանջել է 14 ամսվա ազատազրկում, մինչդեռ մեղադրող կողմը պահանջել է ավելի քան 11 տարի:
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոշտ քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին X սոցիալական մեդիա հարթակում՝ Սեբաստիան Լեկորնյուի վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո։
«Ռեկորդ. Ֆրանսիայի կառավարությունը գոյատևեց 14 ժամ։ Որովհետև Ֆրանսիան նախագահ չունի։ Միայն Կիևի փայլուն պաշտպան, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ընկեր, Աֆրիկայի խոսակցական արբիտր։ Բայց Մակրոնը թքած ունի Ֆրանսիայի վրա։ Նույնիսկ մեր կազակների ձիերը, մտնելով Փարիզ 1814 թվականին, ավելի լավ կկատարեին նրա աշխատանքը...», - գրել է նա։
Ավելի վաղ France 24-ը նշել էր Ֆրանսիայի հրաժարական տված վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի երեք հակառեկորդ։
Նախ, նա ամենակարճատև ծառայած Ֆրանսիայի վարչապետն է՝ ընդամենը 27 օր։
Լեկորնուն ամենաերկարը գոյատևեց առանց կառավարության (26 օր)։
Նրա կառավարությունը ամենակարճատևն է գոյատևել, քանի որ Լեկորնուն հրաժարական է տվել իր կառավարական թիմը նշանակելուց ընդամենը տասներկու ժամ անց։
Նա նաև միակ Ֆրանսիայի վարչապետն է, որը նույնիսկ ընդհանուր քաղաքական հայտարարություն չի արել։
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 23 հասցեի դիմաց Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի սրահում դի կա:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Տրոլեյբուսի սրահում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 67-ամյա Վարսենիկ Բ.-ի դին:
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Give me Sport-ը ներկայացրել է 2026թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը՝ առաջին տեղում նշելով Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին։
Երկրորդ տեղում է կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։
Երրորդ տեղում է Մյունխենի «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը։
«Ոսկե գնդակի» այս տարվա դափնեկիր, ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն չորրորդն է, «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին՝ 5-րդը։
Տասնյակում են նաեւ «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին, որը 2024-ին է արժանացել «Ոսկե գնդակին»։
Գազայի հատվածում պատերազմի ավարտին ուղղված ամերիկյան ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունները, որոնք սկսվել են հոկտեմբերի 6-ին Շարմ էլ Շեյխում, կշարունակվեն նաև հոկտեմբերի 7-ին։
Այս մասին հաղորդում է BBC-ն։
Պաղեստինցի և եգիպտացի պաշտոնյաները լրատվամիջոցին հայտնել են, որ քննարկումների առանցքում «տեղում համապատասխան պայմանների» ստեղծումն է իսրայելցի բոլոր պատանդների և պաղեստինցի մի շարք բանտարկյալների փոխանակման համար։
Մինչ Եգիպտոսում հոկտեմբերի 6-ին ընթանում էին բանակցությունները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասաց, որ համաձայնության հասնելու «իսկապես լավ հնարավորություն կա», և որ դա կլինի տևական համաձայնագիր։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մասամբ համաձայն է խաղաղության ամերիկյան ծրագրի առաջարկների հետ, սակայն չի արձագանքել մի քանի հիմնական պահանջների, այդ թվում՝ իր զինաթափմանը և Գազայի կառավարման գործում ապագայում որևէ կերպ չմասնակցելուն։
Եգիպտոսի և Կատարի պաշտոնյաները կշարունակեն առանձին հանդիպումներն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունների հետ։ Բանակցություններին ներկա են նաև ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և Կատարի արտգործնախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին։
Հոկտեմբերի 7-ին լրանում է 2023 թվականին ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայելի վրա հարձակման երկու տարին։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 1200 մարդ, 251 մարդ գերեվարվել էր։
Իսրայելական պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 67 160-ի։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ռուս ժողովուրդը ձեր անվան հետ ամուր կապում է նշանակալի սոցիալական ձեռքբերումները, դինամիկ տնտեսական զարգացումը, հայրենիքի պետականության և ինքնիշխանության ամրապնդումը, հեղինակության աճը և աշխարհում Ռուսաստանի դերի ուժեղացումը»,-մեջբերել են մամուլի ծառայությունից շնորհավորանքը:
Դրանում Լուկաշենկոն նշել է, որ սկզբունքայնությունն ու նպատակասլացությունը, պարտականության հանդեպ հավատարմությունը և քաղաքական իմաստությունը, հայրենիքին բացառիկ նվիրվածությունը և նրա ազգային շահերը պաշտպանելու ամուր կամքը Պուտինին արժանացրել են հասարակության մեջ համաժողովրդական ճանաչման և օտարերկրյա գործընկերների հարգանքի:
Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հիմքերը, որոնք դրված են համատեղ գործողություններով, հուսալի ուղենիշ կծառայեն երկու պետությունների քաղաքացիների ապագա սերունդների համար:
Ըստ մամուլի ծառայության, Լուկաշենկոն հոկտեմբերի 7-ին 73-ամյակը նշող Պուտինին մաղթել է առողջություն, երջանկություն, բարեկեցություն, անսպառ ուժ և եռանդ՝ պետական բարձրագույն պաշտոնում նոր հաջողությունների հասնելու համար: