Live24
Օգոստոսի 11, 2025
Live24

Live24

Լուրեր

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը անակնկալ ուղերձով կդիմի ազգին, հաղորդում է Daily Mirror-ը։

Ուղերձի ձայնագրությունը կհրապարակվի օգոստոսի 15-ին: Ակնկալվում է, որ միապետը ելույթ կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի առթիվ: Ճապոնիան կապիտուլյացիան արեց 1945 թվականի օգոստոսի 15-ին , որից հետո Չարլզի պապը՝ Գեորգ VI թագավորը, ռադիոյով հայտարարեց այդ մասին: Չարլզ III-ը ելույթ կունենա դրանից ուղիղ 80 տարի անց: Daily Mirror-ի աղբյուրները պնդում են, որ նա ինքն է գրել ուղերձի տեքստը:

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախնական նախատեսված է հաջորդ շաբաթվա վերջին։ Այս մասին հաղորդում են Sky News-ը և NBC News-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի: TASS-ի աղբյուրը հաստատել է, որ հանդիպումը կարելի է սպասել հաջորդ շաբաթվա վերջին։

Գագաթնաժողովի վայրը դեռևս ընտրված չէ, սակայն որպես հանդիպման վայրեր դիտարկվում են ԱՄԷ-ն, Հունգարիան, Շվեյցարիան և Իտալիան:

Իտալական ANSA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփը զանգահարել է Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիին և հարցրել, թե հնարավո՞ր է բանակցություններ կազմակերպել Հռոմում: Սակայն, գործակալության տվյալներով, Մոսկվան դեմ է հանդիպումը Իտալիայում անցկացնելուն, քանի որ Հռոմը «չափազանց կողմնակալ է Ուկրաինայի օգտին»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դատարկախոս է անվանել:

Նա ուշադրություն է հրավիրել ամերիկյան ԶԼՄ-ների որոշ ձևակերպումների վրա, թե իբր Վլադիմիր Պուտինը վատն է, Վլադիմիր Զելենսկին՝ լավը, Թրամփը՝ ավելի լավը։

«Եկեք օբյեկտիվ լինենք։ Դատարկախո՞ս է Թրամփը։ Այո՛, դատարակախոս է։ Առավոտյան ասում է մի բան, երեկոյան այլ բան է անում: Դա այդպես է: Արդյունքներ դեռ չկան: Սկսում է ոստիկանի պես թուր ճոճել աշխարհում։ Ստանձնե՞լ ես առաջնորդություն՝ իրագործիր այն: Իսկ առաջնորդությունը բախումների և պատերազմների կանխարգելումն է», - ասել է Լուկաշենկոն ամերիկյան «Time» ամսագրին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ Բելառուսի նախագահը հաստատել է, որ պատրաստ է կազմակերպել Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ բանակցությունները։

Նրա կարծիքով՝ նման բանակցությունները նախապես մշակման և նախապատրաստման կարիք ունեն։

«Եկեք նախապես կողմնորոշվենք. օրինակ՝ հերոս քաղաք Մինսկը, Ստամբուլը, Ժնևը։ Կողմնորոշվեցինք, որ մեկ ամսից կլինի այդ հանդիպումը։ Առաջին օրը, օրինակ, քննարկում ենք ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Երկրորդ օրը, եթե համաձայնության գանք ինչ-որ փաստաթղթի նախագծի շուրջ, հրավիրում ենք Զելենսկուն, Լուկաշենկոյին, Պետրովին, Սիդորովին։ Դա արժանի բան կլինի», - պարզաբանել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն կարծում է, որ Պուտինը Թրամփի հետ հաճույքով կհանդիպի Բելառուսի մայրաքաղաքում, իսկ ահա Ռուսաստանին ինչ-որ ժամկետ տալը լուրջ չէ։

Լրագրողը կասկած է հայտնել՝ կարելի՞ է հրադադարից առաջ այդ հանդիպումը այսպես հեշտությամբ կազմակերպել:

«Ճիշտ է, պետք է նախապես պատրաստել։ Ուզում եք՝ ես կկազմակերպեմ դա: Հանուն խաղաղության: Ամերիկյան մասը, ռուսականը: Եթե հիմա սկսենք պատրաստել։ Կտեսնեք, թե ինչպես է Զելենսկին իրեն պահում: Նա կհամառի կասի՝ ես կտրականապես դեմ եմ»։

«Time»-ի թղթակիցը նաև համաձայնել է, որ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար չի գնա Մինսկ։

Սակայն Բելառուսի նախագահը նկատել է. «Բայց Մինսկը ի՞նչ է անում նրան։ Մինսկը բարին է մաղթում»։

Նշենք, որ օգոստոսի 8-ին Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները: Մասնավորապես նրանք մանրամասն խոսել են Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի միջև կայացած հանդիպման և խաղաղ բանակցությունների վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկների մասին:

Միացյալ Նահանգները Պաղեստինը ճանաչելու ծրագրեր չունի և կարծում է, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է վերացվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը։

Քաղաքական գործիչը նշել է, որ Վաշինգտոնը չի հասկանում, թե ինչ է նշանակում «Պաղեստինի պետության իրական ճանաչումը», քանի որ Պաղեստինում գործող կառավարություն չկա։ Նա հավելեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հստակ ուրվագծել է իր նպատակները և այն, ինչ ուզում է հասնել Մերձավոր Արևելքում»։

«Նախ, մենք ուզում ենք ապահովել, որ ՀԱՄԱՍ-ը երբեք այլևս չկարողանա հարձակվել Իսրայելի անմեղ քաղաքացիական բնակչության վրա: Մենք կարծում ենք, որ դա պետք է իրականացվի ՀԱՄԱՍ-ին արմատախիլ անելով: Երկրորդ, ԱՄՆ նախագահը խորապես ցնցված է Գազայում մարդասիրական ճգնաժամի սարսափելի պատկերներով: Այսպիսով, մենք ուզում ենք լուծել այդ խնդիրը», - եզրափակել է Վենսը:

Հայ շախմատիստները յոթ մեդալ են նվաճել Բաթումիի քաղաքապետարանի գավաթի տարբեր տարիքային խմբերում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

«B» մրցաշարում մինչև 16 տարեկան տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Արարատ Ստեփանյանը, ով 9 միավորից վաստակել է 6,5 միավոր: Նույն խմբում բրոնզե մեդալ է նվաճել Նարեկ Առաքելյանը (6 միավոր):

Նույն տարիքային խմբի աղջիկների մրցաշարում երկրորդ տեղըզբաղեցրեց ՆելլիՋալալյանը, երրորդը՝ Լիլիթ Կասինյանը:

Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել Արաքս Ավետիսյանը (9-ից 6,5 միավոր): Արիանա Չիլինգարյանը գրեթե 100 տոկոսանոց արդյունքով հաղթել է մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում: Հայշախմատիստուհին 9 միավորից վաստակել է 8,5 միավոր: Նույն խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Ալիսա Պետրոսյանը (9-ից 7-ը):

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ձեռնարկելու քայլեր Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնության հասնելու համար: Այդ մասին ասվում է Telegram-ում շարժման տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է պաղեստինյան անկլավում գործողությունն ընդլայնելու Իսրայելի ծրագրերի առնչությամբ:

«Մենք կրկին հայտարարում ենք, որ եգիպտացի և կատարցի միջնորդների հետ մեր փոխգործակցության ընթացքում շարժումը դրսևորել է ամբողջ անհրաժեշտ ճկունությունը և դրական տրամադրվածությունը՝ հրադադարի ջանքերի հաջողության ապահովման համար: Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ձեռնարկենք քայլեր, որոնք կհարթեն համաձայնության հասնելու ուղին», – հայտարարության տեքստից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Դրա հետ մեկտեղ, շարժման պնդմամբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազան օկուպացնելու որոշումը հաստատում է, որ նա և իր կառավարությունն «անտարբեր են» պատանդների ճակատագրի նկատմամբ։ 

«Նրանք հասկանում են, որ ագրեսիայի ընդլայնումը նշանակում է նրանց զոհաբերում», – պնդում են պաղեստինցի արմատականները։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան «Time»–ի հեր զրույցում հերքել է մեղադրանքները, թե փորձում է երկու աթոռի վրա նստել: Նրա խոսքով՝ ինքը երբեք երկակի խաղ չի վարել, իսկ հարևանների հետ հարաբերությունների կառուցումը աշխարհագրությունից և ողջախոհությունից թելադրված անհրաժեշտություն է:

«Ինձ հաճախ էին կշտամբում երկու աթոռի վրա նստելու համար։ Բայց դա այդպես չէ: Հարևաններին չեն ընտրում, այլ Աստված է տալիս։ Եվ ես պարտավոր եմ նրանց հետ հարաբերություններ ունենալ։ Այդ մասին ես ուղիղ ասում եմ նաև ռուսաստանցիներին։ Մենք շահեր ունենք նաև այլ երկրներում՝ ինչպես Եվրոպական Միությունում, այնպես էլ հեռավոր Ամերիկայում։ Դրանք տնտեսական և դիվանագիտական բնույթի են։ Ի՞նչ վատ բան կա այդտեղ: Դա բնական է։ Բայց միևնույն ժամանակ Բելառուսն ունի երկու առանցքային դաշնակից, որոնց վրա կարող ենք հենվել՝ Ռուսաստանն ու Չինաստանը», - ընդգծել է նա։

Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը` Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի պարտվի։ Նրա կարծիքով՝ նման ավարտի գինն անընդունելի բարձր կլիներ ամբողջ աշխարհի համար։

«Ռուսաստանը չի պարտվի։ Դա շատ թանկ կարժենա, առաջին հերթին` ձեզ, այդ թվում՝ օվկիանոսից այն կողմ գտնվող մարդկանց համար։ Այդ երկիրն աշխարհում ամենամեծ միջուկային ներուժն ունի ու չի պարտվի։ Իսկ ահա Ուկրաինան կարող է պարտություն կրել։ Դա չի կարելի թույլ տալ։ Պետք է պայմանավորվել հիմա», - հայտարարել է նա։

Նա նաև չի բացառել, որ հակամարտության ձգձգման դեպքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանը կանցնի Դնեպրով, իսկ Կիևը կարող է հայտնվել Մոսկվայի վերահսկողության տակ:

«Ահա թե ինչից պետք է վախենալ. կարելի է կորցնել ամբողջ Ուկրաինան։ Այն կարող է պարզապես տրոհվել։ Հունգարիան կվերցնի իր մասը, Լեհաստանն արդեն ձեռքերն է շփում՝ երազելով Արևմտյան Ուկրաինայի մասին։ Արդյունքում կմնա միայն նեղ կտոր», - զգուշացրել է Լուկաշենկոն։

Խոսելով Ռուսաստանի համար Բելառուսի նշանակության մասին` նա նշել է, որ Մինսկի կորուստը Մոսկվայի համար հավասարազոր կլինի սեփական տարածքի մի մասի կորստին։

Նրա խոսքով, ի տարբերություն այլ պետությունների, ինչպիսիք են Իրանը, ԿԺԴՀ-ն կամ Հայաստանը, Բելառուսն ունի հատուկ պատմական և աշխարհաքաղաքական նշանակություն, հանուն որի Ռուսաստանն իսկապես կարող է լուրջ քայլերի գնալ, քանի որ դրանից է ուղղակիորեն կախված իր անվտանգությունը։ Նա հավելել է, որ Սմոլենսկի մոտ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը սպառնալիքի բոլորովին այլ մակարդակ է, քան նրանց տեղակայումը Վարշավայում:

FlyOne Armenia ավիաընկերության չվերթը Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Երևան ուշանում է: Այս մասին է վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվատախտակը։

Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ կրկին ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել օդանավերի ընդունման և բացթողման համար:

Ավիաընկերությունների ներկայացուցիչներն կապի մեջ են հետաձգված չվերթների ուղևորների հետ, իսկ երեխաների հետ ճամփորդողների համար օդանավակայանում հատկացվել է լրացուցիչ սենյակ:

Անհրաժեշտ որոշումները կայացնելու համար` օդանավակայանում գործում է օպերատիվ շտաբ։ Օդանավակայանի անձնակազմն իր բոլոր ծառայություններն ուժեղացրել է` ծանրաբեռնված ժամանակահատվածներում ուղևորներին և օդանավերին սպասարկելու համար:

Արցախ Միությունը խորը մտահոգություն է հայտնում վաշինգտոնյան առաջիկա եռակողմ հանդիպմանը Արցախի ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման առթիվ

Արցախ Միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Վաշինգտոնում այսօր կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգի և դրանում ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման ու ոտնահարման առթիվ:

Իհարկե, հակամարտային որոշ հարցերի շուրջ գլխավոր գերտերության երաշխավորմամբ բանակցային համաձայնության ձեռքբերումն ինքնին կարող է առաջընթաց համարվել, սակայն դա չի կարող արվել մնացած սկզբունքային հարցերի ու հակամարտության առաջնային զոհերի հիմնարար իրավունքների հաշվին:

Տեղեկատվական դաշտում առկա տվյալների համաձայն՝ հանդիպման օրակարգում ներառված չեն Արցախի և արցախցիներին վերաբերող հարցեր, օրինակ՝ Արցախի ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը, արցախյան մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, Բաքվում պահվող բոլոր 23 հայ գերիների ազատումը և այլն։ Ընդ որում, ավելի քան տրամաբանական ու բարոյական կդիտարկվեր առնվազն գերիների վերադարձի հարցի լուծումը՝ որպես խաղաղության համար անհրաժեշտ մարդասիրական քայլ:

Հավասարապես մտահոգիչ են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին տեղեկությունները, ինչը դիվանագիտական մեծ պարտություն է Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Այս կառույցը հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, իսկ այն, որ հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, փաստում են բազմաթիվ միջազգային իրավական ակտեր և նորմեր, ըստ որոնց՝ բռնի ուժով հաստատված ստատուս քվոն չի կարող լեգիտիմացվել։

Ավելին՝ խիստ տարակուսելի է, որ ՀՀ իշխանությունները, որոնք բազմիցս հայտարարել են «խաղաղության համաձայնագրի» ստորագրման հետ մեկտեղ Մինսկի խմբի լուծարման մտադրության մասին, այժմ կատարում են այդ ռազմավարական սխալը՝ առանց որևէ համաձայնագրի ստորագրման և նույնիսկ առանց գերիների ազատ արձակման կամ Ադրբեջանի կողմից մեկ այլ զիջման:

Արցախի 150,000 քրիստոնյա հայերի իրավունքների զանգվածային խախտման ու անտեսման, բռնի տեղահանման և խեղված ճակատագրերի վրա հիմնված խաղաղությունը չի կարող արդար ու մնայուն լինել: Ուստի, ոչ ոք արցախցիներից ավելի չի ձգտում խաղաղության, սակայն հակամարտության կարգավորումը ինքնանպատակ չէ։ Կա պարզ ճշմարտություն՝ կարգավորման որևէ փաստաթուղթ չի կարող լինել կենսունակ, եթե կողմերից մեկն ստանում է ամեն ինչ, իսկ մյուս կողմը՝ ոչինչ:

Արցախ Միությունը պահանջում է ՀՀ իշխանություններից կատարել Արցախի ժողովրդի հանդեպ ստանձնած պարտավորությունները և հակամարտության կարգավորման գործընթացում ապահովել նրա իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը:

Արցախ Միությունը նաև կոչ է անում ԱՄՆ իշխանություններին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին չանտեսել հակամարտության էությունն ու պատճառները և, որպես աշխարհակարգի գլխավոր երաշխավոր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ապահովել Արցախի ժողովրդի վերադարձը հայրենիք, մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը, հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, ՀՀ բռնազավթված տարածքների վերադարձը Հայաստանին և Ադրբեջանում հայատյացության քաղաքականության վերացումը: Առանց հակամարտության այս և որոշ այլ բաղադրիչների արդյունավետ հասցեագրման՝ որևէ կայուն ու համապարփակ խաղաղություն չի կարող գործել Հարավային Կովկասում:

Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում․

«Սիրելի արաբկիրցիներ, բարեկամներ և հետևորդներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել․․

Ցանկությունս է, որ Արաբկիրը զարգանա, ծաղկի»:

Նա սոցցանցում թվարկել է 2022թ–ից մինչ օրս իր կատարած աշխատանքներն ու շնորհակալություն հայտնել Երևանի ղեկավարներին ու արաբկիրցիներին իրեն վստահելու համար։

Ֆոտո

Իրանում հայտարարել են, որ «պարզապես չեն անտեսելու Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի երկրաշարժից վնասվել է ևս 24 շինություն․ շենքի փլատակների տակ մեկ մարդ է մնացել

Երկրի վրա ավելի քան 30 ժամ տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է

Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին. Թրամփը՝ Փաշինյանին

Էրդողանը՝ Թուրքիայում երկրաշարժի մասին

Երևանում 4 ավտոմեքենաներ են բախվել. կա 4 տուժած ու 1 զոհ

Հայաստանի տարածքով «Թրամփի ուղին» կթուլացնի Իրանի դիրքերը տարածաշրջանում. վերլուծաբան

Անօթևանները պետք է անհապաղ լքեն Վաշինգտոնը․ Թրամփ

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները վաղը հեռախոսազրույց կունենան

Միջանցքի հարցը փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է. Իրանի ԱԳ նախարար

Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ

Ռուսաստանը նախազգուշացրել է միգրանտներին

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի նոր գրառումը

Օգոստոսի 15-ի Թրամփ-Պուտին հանդիպմանը Զելենսկու մասնակցությունը չի նախատեսվում

Արարատ Միրզոյանը Փարիզում այցելել է դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին