Մոսկվայում ՀՀ 68-ամյա քաղաքացի է մահացել

Դեպքը պատահել է տան նորոգման աշխատանքներն իրականացնելիս

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Սոխի անունով Հայաստանի 68-ամյա քաղաքացի, որն իրականացնում էր տան նորոգման աշխատանքներ:
Ինչպես գրում է «Московский Комсомолец» պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 9-ին: Տղամարդուն տան նորոգման աշխատանքների համար վարձել էին Ալեքսանդր անունով ձեռնարկատերն ու նրա կինը: Նրանց բնակարանի լոգարանում նորոգման աշխատանքներ իրականացնելիս 68-ամյա Սոխին պատահաբար վնասել է չորացուցիչի խողովակն ու տաք ջրի արտահոսքի ժամանակ չի կարողացել դուրս գալ լոգասենյակից:
Ավելի ուշ տանտիրուհուն զանգահարել են շենքից ու տեղեկացրել իր բնակարանում ջրի արտահոսքի մասին: Երբ տանտիրուհին տեղ է հասել՝ բանվորն արդեն անգիտակից ընկած է եղել բաղնիքում, իսկ խողովակներից մեծ քանակությամբ տաք ջուր է հոսել:
Ենթադրվում է, որ ՀՀ քաղաքացին մահացել է չորացուցիչի նորոգման ժամանակ կա՛մ հոսանքահարվելով, կա՛մ ստանալով լուրջ այրվածքներ: