Հայկական կողմը Ռուսաստանից սպասում է հստակ քայլեր ու գործողություններ, որոնք վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ «Ինչ վերաբերում է հայ-ռուսական համագործակցությանը, ապա մենք դաշնակցային երկրներ ենք, բարեկամ ժողովուրդներ ենք և շարունակում ենք մեր դաշնակցային հարաբերությունները։ Այո, կան որոշակի խնդիրներ, մենք արձանագրել ենք այդ խնդիրները և մեր գործընկերների հետ աշխատում ենք և դեռևս սպասում ենք հստակ քայլեր ու գործողություններ, որոնք վերաբերում ենք մեր հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը և պայմանագրային մեխանիզմների գործարկմանը»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ անդրադարձավ շփման գծում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցին․ «Մեր դիրքորոշումը հստակ է ու աներկբա, այո, Ադրբեջանը պետք է դուրս գա մեր տարածքներից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Այդ առաքելությունը միանշանակ կնպաստի կայունացմանը և լրացուցիչ ևս մեկ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար»։ ՔՊ խմբակցության պատգամավորների խոսքով՝ ակնկալվում է, որ ԵՄ առաքելությունը կտեղակայվի մինչև ամսվա վերջ։
0Comments