Ճապոնական Սասեբո քաղաքում գտնվող Henn-na Hotel «ռոբոտացված» հյուրանոցի ղեկավարությունը, որոշել է «աշխատանքից ազատել» ռոբոտների մի մասին, քանի որ նրանք լավ չեն կատարում իրենց պարտականությունները:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հյուրանոցի ղեկավարությունը հայտնել է, որ հրաժարվում է տարբեր ծառայություններ մատուցող և որպես անձնական օգնական հանդես եկող ռոբոտների ավելի քան կեսից: Մինչ այդ հյուրանոցում «աշխատում» էր 243 ռոբոտ:
Պարզվել է, որ այդ «օգնականներն» ավելի շատ խանգարում էին հյուրանոցի այցելուներին, քան օգնում նրանց: Օրինակ՝ բազմաթիվ այցելուներ բողոքել են, որ խռմփոցի դեպքում ռոբոտները գիշերն արթնացնում էին իրենց՝ հարցնելով, թե «ինչով կարող են օգնել»: Բացի այդ, տարածքը մաքրող ռոբոտները ոչ միշտ էին կարողանում հեշտությամբ տեղաշարժվել սենյակներում ու միջանցքներում և հաճախ բախվում էին անկողիններին, աթոռներին, աստիճաններին և այլն:
Հյուրանոցի «աշխատակիցների» շրջանում կրճատումների պատճառ է հանդիսացել նաև այն, որ աշխատանքի ընթացքում ռոբոտները հաճախ են տաքանում և կարող են դառնալ հրդեհների պատճառ:
Henn-na Hotel-ի ղեկավարությունը մտադիր է կրկին աշխատանքի հրավիրել մարդկանք, որոնք կզբաղվեն մաքրությամբ, տեղեկատվության տրամադրմամբ և այլ ծառայությունների մատուցմամբ:
Նշենք, որ հյուրանոցում ռոբոտներն առաջին անգամ «աշխատանքի են հրավիրվել» 2015 թվականին: Այդ ժամանակ Henn-na Hotel-ն անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրում, որպես աշխարհում առաջին «ռոբոտացված» հյուրանոցը:
0Comments