Talk2edit. հայ ծրագրավորողները լրագրողների աշխատանքը թեթևացնող ծրագիր են ստեղծել

Մանրամասներ
Վարուժ Բաղդասարյան

Քանի՞ անգամ են լրագրողները բախվել միևնույն խնդրին. դիկտոֆոնը լիքն է ձայնագրություններով, ձայնագրված հարցազրույցում բազմաթիվ կարևոր մանրամասներ կան, և լրագրողը բազում ժամեր պետք է վատնի և ջանք թափի դրանք վերծանելու համար: Այ թե գոյություն ունենար մի գործիք, որը ձայնը վայրկենաբար կվերածեր տեքստի՝ թեթևացնելով վերծանման-սղագրման գործընթացը՝ նյութի հետ աշխատելու նոր հնարավորություններ ի հայտ բերելով:

Նման գործիք է մշակել հայ ասպիրանտ Վարուժ Բաղդասարյանը։ Իր դիսերտացիոն աշխատանքի շրջանակում նա այս ուղղությամբ առաջին քայլն անող տեխնոլոգիա է ստեղծել: Եվ այդ տեխնոլոգիան խոսքը սոսկ չի տառադարձում, այլ խոստանում է փոխել տեսալսողական նյութերի մշակման նկատմամբ մոտեցումը: Իսկ թե հատկապես ինչպես այս տեխնոլոգիան կանդրադառնա լրագրողների աշխատանքի վրա, կպատմենք ավելի ուշ:

Արդեն իսկ օգնում է՝միաժամանակ շարունակելով կատարելագործվել

Երբ Վարուժ Բաղդասարյանը մշակեց Talk2edit հարթակը, նրա նպատակը լրագրողների՝ տեսալսողական նյութերի հետ աշխատելը հեշտացնող գործիք ստեղծելն էր։ Հարթակն ի սկզբանե իբրև բանավոր խոսքն ավտոմատ կերպով տեքստի վերածող և համաժամանակյա թարգմանություն անող լուծում է մտահղացվել: Եվ եթե նախնական վարկածը միայն հայերենով էր, այսօր արդեն Talk2edit-ի հնարավորությունները շոշափելիորեն ընդլայնվել են։

Ինչպես պարզաբանեց ինքը՝ Բաղդասարյանը, տեխնոլոգիան մշտապես կատարելագործվում է, և այժմ այն ​​ունակ է շուրջ ութ լեզվով տառադարձման և տասնչորս լեզվով, մասնավորապես՝ հայերենի, անգլերենի, ռուսերենի, պարսկերենի, վրացերենի, թուրքերենի թարգմանության։ Սղագրության ճշգրտությունն, ըստ ծրագրավորողի, մոտենում է մարդկային մակարդակին, ինչը հարթակը գրեթե ամենօրյա օգտագործման հարմարավետ գործիք է դարձնում։ Միաժամանակ, ինչպես նշում են օգտատերերը, թարգմանությունները միանգամայն բնական են:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքին, որ թեև հարթակն ակտիվորեն օգտագործում են լրագրողները, այն սկսել են կիրառել նաև այլ ոլորտներում, օրինակ՝ գիտական ​​հաստատություններում։ Մասնավորապես, Գիտությունների ազգային ակադեմիան օգտագործում է Talk2edit-ը՝ նյութերը պարսկերենի տառադարձելու համար, առայժմ՝ միայն ​​մասնավոր կարգով։ Սա ընդգծում է հարթակի ճկունությունը, որը կարող է օգտակար լինել ոչ միայն լրագրության ասպարեզում, այլև՝ բանավոր խոսքը ճշգրիտ կերպով տեքստի վերածում պահանջող այլ ոլորտներում:

Բացի դրանից, Վարուժ Բաղդասարյանը հայտարարել է կարևոր թարմացման մասին. մոտ ապագայում Talk2edit-ը կաջակցի խոսնակների ճանաչման և տարանջատման գործառույթին։ Սա հարթակին հնարավորություն կտա ավտոմատ կերպով տարբերակել ձայները սղագրություններում, ինչը հատկապես օգտակար է հարցազրույցների և բազմաձայն քննարկումների համար: Ներկայում այս հնարավորությունը հասանելի է միայն YouTube-յան տեսանյութերի համար, սակայն ապագայում այն​​ նաև տեղական աուդիո ֆայլերի հետ կաշխատի։

Ուրիշ ինչի է ընդունակ Talk2edit հարթակը

Talk2edit հարթակը շարունակում է զարգանալ՝ տեսալսողական նյութերի հետ աշխատելու անփոխարինելի գործիք դառնալով:

Հարթակի ամենապահանջված գործառույթներից մեկը նյութերի ամփոփումն է: Լրագրողները և հետազոտողները, որոնք ստիպված են արագ գնահատել երկար հարցազրույցները կամ զրույցները, կարող են հեշտությամբ սեղմ և հագեցած ամփոփագրեր ստեղծել՝ էապես արագացնելով նյութերի պատրաստման գործընթացը:

Տեսանյութերին ենթագրեր և էֆեկտներ ավելացնելը Talk2edit-ի ևս մի կարևոր գործառույթ է օգտատերերի համար:  

«Ենթագրերի ավելացումը ոչ միայն օգնում է բովանդակությունը ավելի լայն լսարանին հասանելի դարձնելուն, այլև, ինչպես հայտնում են օգտվողները, այն զգալիորեն մեծացնում է դիտումների քանակը: «Տարբեր լեզուներով ենթագրերը մեքենայորեն թարգմանելու կարողությունն էլ ավելի մեծ հնարավորություններ է բացում լսարանի ընդլայնելու համար»,- ասում է Բաղդասարյանը։

Սա հարթակն առանձնապես գրավիչ է դարձնում նրանց համար, ովքեր աշխատում են վիդեո ձևաչափերով, օրինակ, shorts-ով:

Եվս մի հարմարավետ առանձնահատկություն է փաստաթղթերի ստեղծման և խմբագրման համար ձայնային մուտքագրումը: Այս գործիքը հնարավորություն է տալիս խնայելու ժամանակը. կարելի է թելադրել տեքստը և այնուհետև այն խմբագրել ձայնային հրահանգների միջոցով՝ առանց ստեղնաշարից օգտվելու անհրաժեշտության:

Այսպիսով, Talk2edit հարթակը շարունակում է կատարելագործվել՝ ոչ միայն տառադարձություն, այլև նյութերի հետ աշխատելն առավել արդյունավետ և հարմարավետ դարձնող լրացուցիչ գործիքներ առաջարկելով: Եվ սա դեռ սկիզբն է. ապագայում ավելի շատ նորարարությունների ակնկալիք կա: