Փոթորիկներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Թշնամին ոչ թե անապատի, այլ ամուր բերդի վրա է հարձակվում

Հիսուս

Դեկտեմբերի 14

Սիրելի Տեր, շնորհակալ ենք Քո հրաշալի պահպանող զորության համար

Չկա ավելի սքանչելի մի հրաշք, քան Իմ կողմից ձեր հոգին պահպանելու հրաշքը: Չարի ուժերը ռմբահարում ու փոթորկի պես խուժում են նրա վրա, բայց անզոր են մնում Իմ պաշտպանած բերդի դեմ: Կատաղի հորձանքները ուժգին ծառանում ու փոթորկվում են, բայց ոչինչ չեն կարողանում անել:

Իմ կողմից պահպանված կյանքը նմանում է մի զով պարտեզի՝ լեցուն անուշահոտ ծաղիկներով, մեղուներով, ծառերով ու ցայտող աղբյուրներով. և այս պարտեզը դրված է մարդաշատ ու աղմկոտ քաղաքի կենտրոնում: Հապա փորձեք այսպես պատկերացնել ձեր կյանքը: Այսինքն՝ ոչ միայն անշարժ ու խաղաղ, այլև՝ անուշահոտություն բուրող ու գեղեցկություն տարածող: Անշուշտ, փոթորիկներ պետք է ակնկալել:

Այս բանը հստակ իմացեք. դուք չեք կարող մի կողմից կապված լինել Ինձ հետ սերտ Բարեկամությամբ՝ ձեզ վրա վերցնել Իմ Գործը կատարելու պարտականությունը, կապվել Ինձ հետ Սիրո Մեծ զգացումով և չհարուցել մյուս կողմի նախանձը, ատելությունը և չարությունը. հակառակությունը բոլոր նրանց, ովքեր Իմ կողմից չեն:

Չէ՞ որ թշնամին ոչ թե անապատի, այլ ամուր բերդի վրա է հարձակվում: