Հունիսի 10
Արթուն եղեք, որ լսեք Ձայնս և հնազանդվեք անմիջապես: Հնազանդությունը հավատքի ամենամեծ նշանն է: «Ինչու՞ եք Ինձ Տեր, Տեր կոչում, բայց ասածներս չեք կատարում». այս խոսքերը երկրի վրա շատերին վերաբերեց, որոնք հետևում էին Ինձ, լսում Իմ խոսքերը, բայց ասածներս չէին կատարում:
Նրանք, որ լսում էին Ինձ, բայց ասածներս չէին կատարում, Ես նմանեցրի մի մարդու, որ իր տունը ավազի վրա է կառուցում: Փոթորկի ու նեղության ժամանակ ինքը տապալվեց, իսկ իր տունը՝ կործանվեց: Իսկ այն մարդը, որ Իմ Խոսքը լսելով, սրտանց հնազանդվեց Ինձ, նմանեցրի մի մարդու, որ իր տունը ժայռի վրա է կառուցում: Այդ տունը փոթորկի ժամանակ ամուր ու անսասան մնաց:
Մի կարծեք, որ այս ասելով՝ կամենում եմ պահանջել սոսկ Իմ պատվիրանների կատարումը կամ՝ նույնիսկ Իմ՝ լեռան վրա ասված քարոզի իրագործումը: Ես սրանցից ավելին եմ ուզում ասել նրանց, ովքեր իրապես ճանաչում են Ինձ: Իմ ասածը հետևյալն է, որ կատարվեն այն բոլոր առաջադրանքները, որ Ես տալիս եմ յուրաքանչյուր մարդու, փոքրիկ թելադրանքները, որ Ես հուշում եմ ամեն մեկին, և դեռ այն պահանջներն ու ցանկությունները, որ Ես եմ ներկայացնում:
Ապահով, ամուր, անսասան կյանքը. Իմ աշակերտների՝ ժայռի վրա հաստատված Տունը չի կառուցվում միայն ցանկությամբ, րոպեների ընթացքում, այլ կառուցվում է քար առ քար՝ հիմքերը, պատերը, տանիքը. հնազանդության գործերով, օրը օրին հետևելով Իմ թելադրանքներին և սիրահոժար կատարելով Իմ Կամքը:
Եվ այդ ժայռ-Տան մեջ՝ կառուցված մարդու կողմից, բայց Աստծուց ներշնչված, այդ Հնազանդության Տան մեջ, որ ամենաճշմարիտ արտահայտությունն է Իմ հետևորդների պաշտամունքի ու երկրպագության, այո, այդ Տան մեջ է որ գալիս եմ բնակվելու Իմ բարեկամի հետ:
Այդ Ես Եմ տալիս ձեզ Գործ և Հույս. գործ՝ տաղտկալի օրերի համար: Հերիք է, որ կողք-կողքի դնեք պարտականությունների փոքրիկ աղյուսները և, ահա, Իմ ցանկությունը ճիշտ կատարելու ճանապարհի վրա եք: Այս նշանակում է, որ Իմ միակ ցանկությունը քեզ զորացած տեսնելն է, քո նկարագրի շարունակական կերտումը, այդ ամուր ու անսասան քրիստոնեական նկարագրի վերջնական կերտումը, ինչի մասին խոսեց Իմ սիրելի Պողոսը և մեծ զորությամբ թելադրեց իր հետևորդներին, որ տիրանան դրան:
0Comments