Երանի մեզ, եթե կարողանանք, մեր սիրտը մաքրելով, Աստծուն տեսնել

Մանրամասներ

ա

Սուրբ Կույսի օրինակը  դարեր շարունակ կերտել ու ձևավորել է ճշմարիտ հավատացյալի նկարագիրն ու դիմագիծը, միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում:

Տիրամոր վերափոխումից հետո սրբուհու գոտին, թաշկինակը, պատկերները մնացին մեզ՝ հավատացյալներիս, իբրև վկայություն այն բանի, որ Աստվածածինը մեզ չի լքել, մեզ հետ է իր արագահաս բարեխոսությամբ, մայրական սիրով ու հոգածությամբ:

Աստվածամոր փառաբանությունը աստվածաշնչային հիմք ունի: Աստվածամայրը Եղիսաբեթի հետ զրույցում ասում է. «Իմ անձը կը փառաւորի Տիրոջը,  և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով, որովհետև նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, և նրա անունը սուրբ է» (Ղուկ. 1:48):

Եվ ահա, այսօր ամենքս երանի ենք տալիս Տիրամորը, երանի ենք տալիս, քանի որ նա իր ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնաց Տիրոջը և Օրենքին` իր հավատարմությունն ու հնազանդությունն  արտահայտելով՝ պարզապես ասելով. «Ես տիրոջ աղախինն եմ, պատրաստ եմ կատարելու Տիրոջ կամքը»:

Մեր նախամայրը` Եվան ստեղծվեց անմեղ ու ազատ, սակայն մեղանչեց և կորցրեց դրախտը, հետևաբար՝ հարց է առաջանում՝ ի՞նչ անուն տալ այս պատմությանը՝ նախամարդու արտաքսո՞ւմ դրախտից, թե՞ Աստծո արտաքսում մարդու սրտից: Աստվածամայրը հակառակն արեց` Աստծուն ընդունեց իր սրտում, իր մեջ, և արդյունքում ծնվեց Քրիստոս՝ իրական ազատ և անմեղ մարդը,  Ով եղավ սկիզբը մեր հոգևոր ծննդյան, մեր փրկության:
Աստվածամոր օրինակն առիթ չէ պարզապես «երանի» տալու, այլ հնարավորություն՝ այդ «երանին» մերը դարձնելու:  Երանի մեզ, եթե կարողանանք մեր հոգու աղքատությամբ Աստծուն փնտրել և Աստվածամոր բարեխոսությամբ հարստանալ: Երանի մեզ, եթե կարողանանք մեր հեզությամբ ու խոնահությամբ Տիրոջը ծառայել, երանի մեզ, եթե կարողանանք, մեր սիրտը մաքրելով, Աստծուն տեսնել, երանի, եթե կարողանանք արդարության և խաղաղության ճանապարհին կանգնել, երանի, եթե մեր ողորմածությամբ Տիրոջ ողորմությանը արժանանաք:
Երանի, որ մեր պայքարը մեզ հասցնի դրախտի դռներին ու Աստվածամոր բարեխոսությամբ այդ դռները բացվեն մեր առաջ, և երանի, որ Տիրոջ ողորմությամբ արժանանանք փրկության:

qahana.am