«Մարդն Արարչի նկատմամբ որոշակի պարտավորություններ ունի», - ասում է ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դասախոս, «Զվարթնոց» տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գևորգ սարկավագ Ղուշչյանը
«Ուխտ կնքել», «Ուխտի գնալ» արտահայտությունները շատ գործածական են մեր առօրյայում: Ի՞նչ է նշանակում «ուխտ» բառը:«Ուխտ» բառն իր իմաստն ստացել է դեռևս Հին Կտակարանում, նշանակում է պայման Աստծո և մարդկանց միջև: Այնուհետև իմաստային առումով կատարելության է հասել Նոր Կտակարանում, Հիսուս Քրիստոսի կամ խոստացյալ Փրկչի, Մեսիայի` Աստվածորդու այցով: Ուխտը սովորաբար, Աստված-մարդ կամ մարդ-մարդ հարաբերություններն են, երբ մեկը պարտավորություն կամ խոստում ունի մյուսի հանդեպ: Այն որոշակի պարտականությունների շրջանակ է` ներքին, բարձրաձայն կամ բացահայտ պայմանավորվածությամբ: «Ուխտ» հասկացողությունն ավելի է իմաստավորվում մարդ-Աստված հարաբերության մեջ: Մարդն Արարչի նկատմամբ որոշակի պարտավորություններ ունի և դրանք ամբողջացնելու համար հիմնականում պայման կամ նպատակ է դնում իր առջև` Աստծո օրհնություններին արժանանալու համար: Հայերն «ուխտ» հասկացողությունը շատ բազմիմաստ են ընկալել: Բազում ազգերի շարքում հայերը միակն են, որ Աստծո օրհնության շողեր ունեն` Միածնի իջման պահից առ այսօր: Հայաստանը բաց սրբավայր է, ուր տարբեր առիթներով այցեր, ուխտագնացություններ են կատարվում: Ուխտը, ուխտագնացությունն այցելություն է Աստծուն` գոհություն հայտնելու կամ փառաբանելու, խնդրելու կամ աղաչանք անելու համար: Մեր ժողովրդի մեջ ընդունված է այն կատարել ոտքով, նույնիսկ ոտաբոբիկ, նախապես ծոմ կամ պահք պահելով: Սա առաջին դարերից սկսած բազմադարյա սովորույթ է: Աստվածաշնչի երկու գրքերն անվանում ենք Հին և նոր Ուխտ: Ինչո՞ւ: Հին Ուխտը մարդ-Աստված հարաբերությունն է, Աստծո արարչագործության պահից մինչև խոստացյալ Մեսիայի գալուստը: Նոր Ուխտը Հիսուս Քրիստոսի ծննդից հետո զարգացող մարդ-Աստված հարաբերությունն է` Հիսուսի գալստյան վավերացումով: Հին Ուխտն Աստծո դաշնագիրն է աստվածընտիր ազգի` իսրայելացիների առաջնորդների և մարգարեների հետ, որի նշանը բազմագույն ծիածանն էր: Ընտրյալ ազգը, ցավոք, դարձավ Աստծուն խաչող կամ սպանող ժողովուրդ: Հիսուս Քրիստոսի գալուստը քրիստոնյաների համար ասվածատուր պարգև է, ինչպես աստվածորդու Հարությունը: Քրիստոնեությունն ուխտի վավերացումը տեսնում է հատկապես Հարության մեջ, որն էլ մեր հավատի առանցքն է, հենասյունը: Նրա Հարությանը եթե չենք հավատում, ապա ուխտը, ուխտագնացությունը կամ ցանկացած բարեպաշտական սովորույթ դադարում է իրական արժեք լինելուց: Ինչպիսի՞ն պետք է լինի ուխտավորը: Ավետարանը մեզ հուշում է, որ պահք կամ ծոմ պահելիս տրտում չլինենք, որպեսզի ուրիշների համար գայթակղություն չդառնանք: Ուխտի ժամանակ պարտադիր չէ հատուկ տեսք ունենալ, կարևորն Աստծո նկատմամբ ունեցած պարտքի գիտակցումն է: Ուխտը միայն ճամփորդություն չէ, այլև հոգեվիճակ է, պահքի յուրատեսակ մի ձև, որովհետև մարդն ուխտ անելիս որոշակի պայման է դնում` Աստծո վերաբերմունքն իր նկատմամբ ընդգծելու համար: «Ուխտ» հասկացությունն այսօր մեր ազգի մեջ պահպանել է իր իրական արժեքը, որովհետև որքան էլ փորձենք ժամանակակից երևալ, այնուհանդերձ պահպանողական ենք դրական առումով: Դրա շնորհիվ է, որ այսօր հարատևում ենք, որպես ինքնուրույն ազգ: Ամեն ինչի համար պարտական ենք մեր աստվածահաստատ եկեղեցուն, որն իր ավանդապահության շնորհիվ կարողացել է ազգը պահպանել օտար բազում հարձակումներից և գաղափարախոսություններից: Ուխտագնացությունը խորհուրդ ունի՞: Ցավոք, այսօր երիտասարդության համար ուխտագնացությունը լոկ ժամանցի կամ էքսկուրսիայի բնույթ է կրում: Իրականում այն ժամանց չէ, այլ, ինչպես նշեցինք, որոշակի նպատակով այց է կամ պահք Աստծո հանդեպ մեր պարտականությունները հստակեցնելու համար:
qahana.am
0Comments