Լոնդոնում ավարտվել է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը, որը տևել է մոտ երկու ժամ։ Գագաթնաժողովի մասնակիցները հերթով հեռանում են Լանկասթեր Հաուսից։ Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահՎլադիմիր Զելենսկին կմեկնի Սանդրինգհեմ՝ հանդիպելու թագավոր Չառլզ III-ի հետ։
Ինչպես նշում է BBC-ն, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Լոնդոնում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը որակել է որպես «լավ և անկեղծ քննարկում»։
Նրա խոսքով, առաջնորդները քննարկել են Կիևի համար անվտանգության համապարփակ երաշխիքների անհրաժեշտությունը, այդ թվում՝ Ուկրաինային ուժեղ դիրք հաղորդելը և նրան «ամրապնդելու և պաշտպանելու» միջոցներ տրամադրելը։
Ֆոն դեր Լեյենն ասել է.«Մենք պետք է ուժեղացնենք մեր պաշտպանությունը... մենք պետք է հսկայական քայլ անենք առաջ»: Նա հավելել է, որ անհրաժեշտ է հստակ ծրագիր Եվրամիության կողմից և համաեվրոպական մոտեցում:
«Այժմ մեզ համար չափազանց կարևոր է մեծացնել ծախսերը… կարևոր է նախապատրաստվել վատագույնին», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Նա նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Լոնդոնից՝ ասելով. «Մենք պատրաստ ենք Ձեզ հետ կանգնել՝ պաշտպանելու ժողովրդավարությունը, պաշտպանելու օրենքի գերակայության սկզբունքը, ըստ որի՝ չի կարելի ներխուժել հարևանի տարածք կամ ուժով փոխել սահմանները: Մեր ընդհանուր շահերից է բխում կանխել ապագա պատերազմները»:
Գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն X սոցիալական ցանցում թվարկել է երեք հիմնական կետ. առաջինն այն է, որ «Եվրոպայում բոլորը պետք է ավելին անեն» Ուկրաինային աջակցելու համար:
«Մենք բոլորս ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր, և այն պետք է լինի երկարաժամկետ», - գրել է Ռյուտեն՝ հավելելով, որ Եվրոպան «իսկապես ակտիվացել է»։
Ռյուտեն նաև նշել է, որ «ՆԱՏՕ-ն ուժեղ պահելու համար Եվրոպան կավելացնի պաշտպանական ծախսերը»:
0Comments