Մեծ Բրիտանիան Կիևի հետ «100-ամյա գործընկերության» պայմանագիր կստորագրի

Մանրամասներ
մեծ բրիտանիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը չհայտարարված այցով այցելել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, հայտնում է AP-ն։ Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կստորագրեն «100-ամյա գործընկերության» պայմանագիր, որն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են պաշտպանությունը, գիտությունը, էներգետիկան և առևտուրը:

Պայմանագիրը կպարտավորեցնի երկու կողմերին համագործակցել պաշտպանական և տեխնոլոգիական նախագծերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության ուղղությամբ։ Փաստաթուղթը նախատեսում է նաև համակարգի ներդրում, որը կօգնի հետևել ուկրաինական հացահատիկի մատակարարմանը:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն ներկային, այլ նաև հաջորդ հարյուրամյակի ընթացքում մեր երկու երկրներում ներդրումներին»,- այցից առաջ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Մեծ Բրիտանիան Ուկրաինայի ամենամեծ ռազմական աջակիցներից մեկն է. երկիրը 16 միլիարդ դոլարի ռազմական և քաղաքացիական օգնություն է տրամադրել Ուկրաինային երեք տարի առաջ Ռուսաստանի ներխուժումից ի վեր և ավելի քան 50,000 ուկրաինացի զինվորների է վարժեցրել բրիտանական տարածքում: Սթարմերը պետք է հայտարարի ևս 49 միլիոն դոլարի հատկացման մասին՝ Ուկրաինայի հետպատերազմյան տնտեսական վերականգնման համար: