«Հիթրոու» օդանավակայանը միջինում յուրաքանչյուր 45 վայրկյանը մեկ չվերթ է սպասարկում։ 2024 թվականին ուղևորահոսքը կազմել է ռեկորդային 83,9 միլիոն մարդ։
Լոնդոնի խոշորագույն և աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկը՝ «Հիթրոուն», մինչև շաբաթ փակ կլինի էլեկտրակայանի խոշոր հրդեհի պատճառով: Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը X սոցցանցում։
«Օդանավակայանը սնուցող ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով «Հիթրոու»-ում էլեկտրականության զանգվածային անջատում է գրանցվել։ Ուղևորների և աշխատակիցների անվտանգության նկատառումներով օդանավակայանը փակ կլինի մինչև մարտի 21-ի ժամը 23:59-ը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ուղևորներին խնդրում են օդանավակայան չգնալ և կապ հաստատել ավիաընկերությունների հետ՝ թարմ տեղեկատվություն ստանալու համար: Flightradar24-ի տվյալներով՝ առնվազն 120 չվերթ արդեն ուղղորդվել է այլ օդանավակայաններ կամ վերադարձել մեկնման վայրեր։
Sky News-ի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է Հեյսի շրջանում՝ օդանավակայանից մոտ 2,5 կմ հեռու գտնվող ենթակայանում։ Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։ Նախնական տվյալներով՝ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության։ Դեպքի վայրից ստացված կադրերում ուժեղ բոց և թանձր սև ծուխ է երևում:
Դեպքի վայրում աշխատում է մոտ 70 հրշեջ, տարհանվել է 150 մարդ, տարածքը 200 մետր շառավղով շղթայված է: Ոստիկանությունը հարևան շրջանների բնակիչներին խորհուրդ է տալիս փակ պահել պատուհանները և հեռու մնալ դեպքի վայրից:
Ըստ Scottish and Southern Electricity Networks-ի` էլեկտրաէներգիայի անջատումները ազդել են Հեյսի, Հանսլոուի և հարակից շրջանների վրա: Ընկերությունում հույս ունեն էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնել տեղական ժամանակով ժամը 03:00-ին:
«Հիթրոու» օդանավակայանը միջինում յուրաքանչյուր 45 վայրկյանը մեկ չվերթ է սպասարկում։ 2024 թվականին ուղևորահոսքը կազմել է ռեկորդային 83,9 միլիոն մարդ։
0Comments