Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է իր որոշումը Ադրբեջանի կողմից Հայաստանի հայցի վերաբերյալ նախնական առարկությունները։ Առարկությունը վերաբերում է բոլոր տեսակի խտրականության վերացման մասին կոնվենցիային։
Դատարանի նախագահը հակիրճ ներկայացրել է հակամարտության պատմությունը՝ հիշեցնելով, որ կողմերը նախկին ԽՍՀՄ հանրապետություններ էին։ Նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես անվանում են Հայաստանում, կամ Ղարաբաղը, ինչպես անվանում են Ադրբեջանում, այն տարածքն էր, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են եղել: Նրանք գտնվել են Ադրբեջանի կազմում։ Կողմերը տարածքի նկատմամբ պահանջներ ունեին, սկսվեցին ռազմական գործողություններ:
Որոշման ամբողջական տեքստը կհրապարակվի ավելի ուշ՝ դատարանի կայքում։
Ադրբեջանը երկու առարկություն է ներկայացրել՝ պատճառաբանելով, թե վեճի թեմայի շուրջ բանակցություններ են եղել, և որ Հայաստանի որոշ պահանջներ դուրս են դատարանի իրավասությունից։
Դատարանը նկատել է, որ կողմերը գրավոր հաղորդակցություն են սկսել։ Դատարանը գտնում է, որ կողմերի միջև քննարկումները վեճի հնարավոր լուծման առնչությամբ բանակցությունների մաս են կազմում։ Կողմերը երկու անգամ հանդիպել են 2021 թվականին։ Սակայն կողմերի դիրքորոշումները մնում են անփոփոխ, Ադրբեջանը մերժում է Հայաստանի Հանրապետության պահանջները։ Դատարանը միաժամանակ տեսնում է, որ նույն տարում Ադրբեջանը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Հայաստանին։ Այս ֆոնին Դատարանը անհամոզիչ է համարում Ադրբեջանի հավաստիացումները, թե բանակցությունների շարունակությունը կարող է արդյունք տալ, և գտնում է, որ Հայաստանը վեճը լուծելու համար բավարար ջանքեր է գործադրել։
Բանակցություններն անարդյունք են դարձել, քանի որ հնարավոր չի եղել լուծել առկա վեճը և գտնում է, որ Ադրբեջանի ներկայացրած առարկությունը պետք է մերժվի։
Երկրորդ առարկությունը վերաբերում է Դատարանի բովանդակային գործառույթներին։ Այս փուլում Դատարանը պետք է համոզվի, որ ենթադրյալ գործողությունները կարող են համարվել Կոնվենցիայի խախտում։ Որպեսզի պահանջները տեղավորվեն Դատարանի լիազորությունների շրջանակում, հայցվորը պետք է հիմնավորի, որ դա խտրականություն է, և նպատակը մի խումբ մարդկանց, այս դեպքում՝ էթնիկ հայերի իրավունքները վերացնելն է կամ նվազեցնելը։
Դատարանը քննել է, թե արդյոք էթնիկ խմբի դեմ ենթադրյալ գործողությունները վերաբերում են հատկապես էթնիկ ծագմանը և արդյոք հանցագործությունները կատարվել են այդ պատճառով: Արդյունքում, Դատարանը որոշել է, որ Հայաստանի պահանջները համապատասխանում են Դատարանի գործառույթների շրջանակին և կարող են համարվել որպես էթնիկական հողի վրա խտրականություն, որը մտնում է Կոնվենցիայի շրջանակի մեջ: Միևնույն ժամանակ, Դատարանը գտնում է, որ Հայաստանի ներկայացրած ապացույցներն այս փուլում չեն կարող ուսումնասիրվել և պետք է այլ փուլում դիտարկվեն։
Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը չի առարկել Ադրբեջանում հանրային ատելության խոսքի վերաբերյալ Հայաստանի պնդումներին։
Դատարանը որոշել է, որ Ադրբեջանի երկրորդ առարկությունը նույնպես պետք է մերժվի։ Դատարանը 16 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է մերժել Ադրբեջանի առաջին և 15 դեմ 1 կողմ ձայների հարաբերակցությամբ՝ երկրորդի նախնական առարկությունները։ Դատարանը որոշել է, որ իրավասու է քննել Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։
0Comments