Չեմ ուզում` վատ անդրադառնա. Գյումրու քաղաքապետի թեկնածուի ազգականը դուրս է եկել ՔՊ–ից

Մանրամասներ
Վարուժան Խոջումյան

Ազգային ժողովի պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռորդին՝ Վարուժան Խոջումյանը, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։

«Կայացրել եմ նման որոշում, քանի որ չեմ ուզում` իմ անձի հետ կապված որևէ թեմա վատ անդրադառնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի վարկանիշի վրա, քանզի քաջ գիտակցում եմ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների կարևորությունը և գիտեմ նաև, որ որոշ շահագրգիռ անձիք հենց այդ նպատակով են շարունակելու շահարկումներ անել»,– գրել է նա։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Վարուժան Խոջումյանը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանի հետ ձերբակալվել էր թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, այնուհետև ազատ էր արձակվել։

Նշենք, որ նախնական հաշվարկով` Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 29–ին։

Հիշեցնենք` 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները ստանձնեց 2021 թ. նոյեմբերի 4-ին։