Առաջիկա օրերին կբացվի Սյունիքի մարզով անցնող մայրուղու նոր, ավելի հարմարավետ հատվածը: Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին։
Ղազարյանը նշեց, որ վերջերս եղել է Սյունիքի Վերին Խոտանան գյուղում, որտեղ կառուցվում է մայրուղու նոր շրջանցիկ հատվածը: Նրա խոսքով` որոշ ժամանակ առաջ երթևեկությունը բաց էր, իսկ հիմա կրկին փակ է։
Սանոսյանը պատասխանեց, որ ճանապարհահատվածը բացվել էր ժամանակավորապես` ծանրաբեռնված երթևեկությունը թեթևացնելու նպատակով:
«Բայց շատ շուտով՝ արդեն մի քանի օրից, ճանապարհը վերջնականապես կբացվի»,– նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ նոր հատվածում 16-ի փոխարեն կլինի 6 ոլորան, այսինքն՝ երթևեկության արագությունն ու հարմարավետությունը զգալիորեն կմեծանան:
Ճանապարհն արդեն ասֆալտապատված է, շուտով կկատարվեն գծանշումներ, այնուհետև այդ հատվածը կկապվի հիմնական մայրուղու հետ։ Այդ նպատակների համար հատկացվել է մոտ 15 մլն դոլար։
Հիշեցնենք, որ Վերին Խոտանան գյուղով անցնող շրջանցիկ ճանապարհը Երևանից Կապան և Իրանի հետ սահման տանող մայրուղու մի մասն է:
0Comments