Ուելսի արքայադուստրը ներողություն է խնդրել «շփոթության» համար, որ առաջացրել է նրա կողմից խմբագրված լուսանկարի հրապարակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Արքայադուստր Քեթրինը մայրերի տոնին հրապարակել էր իր և իր երեք երեխաների լուսանկարը, որը տարածել էին բազմաթիվ լրատվամիջոցներ։ Սակայն ավելի ուշ 5 լրատվական գործակալություններ, մասնավորապես՝ PA-ը, Getty Images-ը, AFP-ն, Associated Press-ը և Reuters-ը հեռացրել էին լուսանկարն իրենց հրապարակումներից՝ պատճառաբանելով, որ այն խմբագրված է։ Associated Press-ը նշել էր «արքայադուստր Շառլոտի ձախ ձեռքի անհամապատասխանությունը»։
«Ինչպես շատ սիրողական մակարդակի լուսանկարիչներ, ես երբեմն սիրում եմ փորձարկումներ անել խմբագրման հետ, - Քենսինգթոնյան պալատի սոցիալական ցանցերում գրել է Ուելսի արքայադուստր Քեթրինը։ - Ցանկանում եմ ներողություն խնդրել ցանկացած շփոթության համար, որ առաջացրել է երեկ տարածված իմ ընտանեկան լուսանկարը։ Հուսով եմ, որ տոնը նշողները լավ Մայրերի օր են անցկացրել»։
Արքայադուստր Քեթրինն առաջին անգամ էր պաշտոնական լուսանկար հրապարակում երկու ամիս առաջ որովայնի շրջանում վիրահատության ենթարկվելուց ի վեր։
0Comments