Անգլիան եւ Ֆրանսիան նախատեսում էին ռմբակոծել Բաքվի նավթահանքերը. «ՌԻԱ Նովոստի»

Մանրամասներ
նավթ

1940թ. խորհրդային նավթահանքերը Բաքվում ռմբակոծելով՝ Անգլիան եւ Ֆրանսիան նախատեսում էին ծնկի բերել ԽՍՀՄ-ին եւ հասնել Խորհրդային Միության տապալմանը, վկայում են արխիվային փաստաթղթերը, որոնք հրապարակել է Նախագահական գրադարանը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Անգլիան եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ Արեւմուտքի այլ երկրներ այն ժամանակ գործում էին այնպես, ինչպես այժմ՝ ՆԱՏՕ շրջանակում ագրեսիվ պլաններ փայփայելով։ Շաբաթ օրը լրանում է ՆԱՏՕ-ի ստեղծման մասին Հյուսիսատլանտյան պայմանագրի ուժի մեջ մտնելու 75-ամյակը։

Անգլիան եւ Ֆրանսիան 1940թ. սկզբին սկզբունքային որոշում կայացրին պատերազմ սկսել ԽՍՀՄ-ի դեմ, հարվածել Ֆինլանդիայից, որի հետ այն ժամանակ կռվում էր Խորհրդային Միությունը, զավթել Լենինգրադը, հարվածել Կովկասից՝ ավերելով տեղի խորհրդային նավթահանքերը, ինչպես նաեւ ստեղծել «ազգային ռուսական կառավարություն»։ Այս որոշումն ընդունվել է բարձրագույն ռազմական խորհրդի՝ Անգլիայի եւ Ֆրանսիայի ռազմական ղեկավարության պաշտոնական գլխավոր մարմնի կողմից, այն գլխավորում էին երկու երկրների վարչապետեր Նեւիլ Չեմբեռլենը եւ Էդուարդ Դալադիեն։

Նախագահական գրադարանը հրապարակել է հատվածներ Գերմանիայի ԱԳՆ «Ֆրանսիական գլխավոր շտաբի գաղտնի փաստաթղթերը» հավաքածուից (Ֆրանսիայում ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Մորիս Գամելենի գրառումները Կովկասում խորհրդային նավթահանքերի ավերման պլանների մասին)։ Փաստաթուղթը թվագրված է 1940թ. փետրվարի 22-ով, պահվում է Ռուսաստանի պետական զինվորական արխիվում։

Գամելենը նպատակ էր համարում «Ռուսաստանին հումքից զրկելը, որն անհրաժեշտ էր նրա տնտեսության համար, եւ այդ կերպ խորհրդային տերության հիմքերի սասանումը»։

«Ռազմական գործողությունները Կովկասի նավթահանքերի դեմ պետք է նպատակ ունենային այդ տարածաշրջանի նավթային արդյունաբերության խոցելի կետերի ոչնչացումը»,- նշել է Գամելենը։ Նա մատնանշել է Կովկասում ցամաքով ԽՍՀՄ ներխուժելու նպատակահարմարության մասին։ «Տարբեր դժվարությունների առկայությունը՝ կապված ցամաքային գործողության հետ, մեզ այդ կերպ հանգեցրեց Բաքվին օդից հարվածելու հարցի քննարկմանը»,- գրել է Գամելենը։

«Հաշվի առնելով այն, որ Բաքուն միաժամանակ նավթի արդյունահանման, պահման եւ առաքման կենտրոն էր, ավիացիայի գործողություններն այդ քաղաքի դեմ կարող էին դրանց ավերման կամ հրկիզման նպատակ ունենալ՝ նավթավերամշակող գործարաններ, հեշտ հասանելի թիրախներ, խոցելի, շատ թանկ եւ շատ երկարատեւ՝ վերականգնման առումով, պահեստարաններ, ինչպես նաեւ հեշտ հասանելի եւ խոցելի թիրախներ, նավահանգստային կառույցներ, Բաքու-Ռոստով երկաթուղին»,- նշել է գեներալը։

Ինչպես նշել է Գամելենը, Բաքուն Կովկասի ամենախոշոր նավթային կենտրոնն էր. «ռուսական նավթային արտադրանքի 75 տոկոսի աղբյուրը Բաքվի հորատանցքերն են»։

«Բաքվին օդից հարվածելը, բավականաչափ թվով ինքնաթիռների եւ հնարավորության դեպքում՝ կրկնման պայմանով, որպեսզի թույլ չտրվի ավերածությունների վերականգնումը, հատկապես լավ արդյունքներ կտար»,- ընդգծում էր Գամելենը։

Նրա խոսքով՝  նման հարվածը ԽՍՀՄ-ին կզրկեր կովկասյան նավթի զգալի մասից, «կզրկեր Մոսկվային, որն օգտագործում է գրեթե ողջ նավթային արտադրանքը իր մեքենայացված կազմավորումների եւ գյուղատնտեսության համար, եւ Խորհուրդներին արագ կրիտիկական վիճակի մեջ կդներ»։

Գամելենը նշել է, որ Կովկասում ռուսական նավթային արդյունաբերության դեմ գործողությունները դաշնակիցների համար շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ «Դրանք թույլ կտան շատ լուրջ, եթե ոչ վճռական հարված հասցնել խորհրդային ռազմական եւ տնտեսական կյանքին։ Մի քանի ամիս անց ԽՍՀՄ դժվարությունները կարող էին այնպիսին լինել, որ այդ պետությունը ենթարկվեր լիակատար տապալման ռիսկին»,- նշել է Գամելենը։

Նա գնահատել է Բաքվի նավթահանքերի ռմբակոծման հնարավորությունները։ Ըստ հաշվարկների՝ ավիահարվածները նախատեսում էին հասցնել Թուրքիայի կամ Իրանի, Սիրիայի, Իրաքի բազաներից, որոնք Բաքվից հեռու էին 400-700 կիլոմետր։