Ադրբեջանը հենց այսօր ուզում է Հայաստանի վրա հարձակվել. կանխողը մեկ բան է. Հրանտ Միքայելյան

Մանրամասներ
ալիև

Հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է Իրանի համար։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով.

«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ թե սոսկ նախապատվություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը: Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար»։

Այդ միջանցքի անընդունելիության մասին ավելի վաղ խոսել էր նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ Իրանում գտնվող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով.

«Իրանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար։ Օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ երկրների հարաբերություններում»։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի համոզմամբ՝ իրանական կողմից եկող այս և նույնաբովանդակ այլ հայտարարություններ գալիս են փաստելու, որ Իրանն անհրաժեշտության դեպքում կարող է կանխել այդ տարածքի աշխարհագրության փոփոխությունը, եթե, իհարկե, Հայաստանի ղեկավարն իրանական կողմին այդ մասին խնդրի, ինչը, իհարկե, չի՛ անի։

«Իրանն այս հարցում չունի մեծ գործընկերներ. Ռուսաստանի հետ չունի ադեկվատ հարաբերություն, քանի որ Ադրբեջանի նկատմամբ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները տարբեր են։ Եթե իրանական կողմը փորձի թույլ չտալ այդ տարածքով Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ՝ առանց Փաշինյանի խնդրանքի, կխախտի միջազգային նորմերը, իսկ որ Հայաստանի ղեկավարը նման խնդրանքով Իրանին չի դիմի, պարզ է։

Այո, բոլորին էլ պարզ է, որ Ադրբեջանը հենց այսօր ուզում է Հայաստանի վրա հարձակվել. կանխողը մեկ բան է՝ Իրանի դիրքորոշումը, բայց որքա՞ն է պատրաստ Իրանն այդ դիրքորոշմանը մնալ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի այդ քայլին կողմ է լինելու Թուրքիան, Արևմուտքն էլ դեմ չի լինելու, ինձ համար հայտնի չէ։ Այնպես որ, թեև Իրանի կողմից կա հստակ քաղաքական դիրքորոշում, բայց դա դեռ ռազմավարական մակարդակի չէ»,- ասաց Միքայելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։